Այսօր Եղիշե Չարենցի (Եղիշե Աբրահամի Սողոմոնյան) ծննդյան օրն է։ Հայ մեծ պոետը ծնվել է 1897 թ. մարտի 13-ին (25) Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:
1908 թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, որտեղի դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձև ավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:
1914 թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին աշխարհամարտը Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորագրվում է և միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրվում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915 թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919 թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921 թ. Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927 թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ արդեն1935թ. ծնվում է նրանց երկրորդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին նույն թվականի սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ․ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց վատ առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները:
Առ այսօր Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե Չարենցի գործերից որոնք են հիշում։
Ամենից շատ քաղաքացիները հիշեցին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որոշներն անգամ ասմունքեցին։
«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվագ լարն եմ սիրում։ Դե 50-60 տարի անցել է, էդքան էլ հիշում եմ»,- ասաց մի կին։
«Էսօր ես ֆեյսբուքով էլ եմ շնորհավորել, բաներ էլ եմ գրել Չարենցի համար։ Հիշում եմ որոշ բաներ, բայց շտապում եմ»,- ասաց մի տղամարդ։
Քաղաքացիները Չարենցի գործերից հիշեցին «Ամբոխները խելագարված» պոեմը, «Դանթեական» առասպելը և այլն։
Որոշ քաղացիներ էլ նշեցին, որ Չարենցի գործերը կարդացել են, բայց դժվարանում են հիշել։
Մանրամասները՝ տեսանյութում․