Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 02-03-2026

Իրանում սուգ է, Փաշինյանը ցավակցել է, սահմանը բացվել է, Մասյացոտնի թեմում բունտ է. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 2-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր լրանում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի 3-րդ օրը, որն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային հակամարտության. Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, իսրայելական զինուժն էլ հարվածել է Իրանի աջակցությունն ստացող լիբանանյան «Հեզբոլա»-ի դիրքերին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության վրեժը լուծելու համար մինչ այդ հարվածել էր Իսրայելին: Վերջինիս սպանությունից հետո հարևան երկրում 40-օրյա ժամկետով սուգ է հայտարարվել։ Իսրայելը հայտնել է, որ Իրանն այսօր կրկին հրթիռներ է արձակել իր ուղղությամբ: Վնասների կամ տուժածների մասին դեռ ստույգ տվյալներ չկան: Երեկ հաղորդվեց, որ Իրանի հարվածներից իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքում 8 մարդ է սպանվել, վիրավորվել 18-ը: Այսօր Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առավոտյան ամերիկյան մի քանի ինքնաթիռ է կործանվել, անձնակազմին հաջողվել է անվնաս փրկվել: Միջադեպի հանգամանքները դեռ հայտնի չեն: Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան մոտ սև ծուխ է նկատվել: Պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում, Բահրեյնում, Դուբայում: Իրանական անօդաչուի հարվածից Կիպրոսում վնասվել է բրիտանական բազայի թռիչքուղին: Ըստ Reuters-ի՝ Իրաքի Հյուսիսային Քրդստանի Էրբիլ օդանավակայանի մոտ երեք անօդաչու է խոցվել: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն ողջ ուժով և կարող են տևել չորս շաբաթ ու կշարունակվեն այնքան, քանի դեռ իրենց բոլոր նպատակներին չեն հասել: «Մենք հարվածել ենք հարյուրավոր թիրախների Իրանում, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին, իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին … Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են ողջ ուժով և կշարունակվեն մինչև մեր բոլոր նպատակներին հասնենք», - ասել է Դոնալդ Թրամփը: Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն արձագանքել է Թրամփի երեկվա հայտարարությանը, թե Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել: Ալի Լարիջանին ասել է, որ Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ: «Իրանի զինված ուժերը չեն սկսել ներխուժումը», - նշել է նա։ Իրանի արտգործնախարարն էլ իր հերթին, հայտարարել է, որ Իրանն է որոշելու, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը, թեպետ երեկ նշել էր, որ իր երկիրը բաց է դիվանագիտության համար։ Իրանական կողմի զոհերի թիվը, ըստ Կարմիր մահիկի, անցել է 550-ը, հարձակման է ենթարկվել երկրի 131 շրջան։


Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: Փաշինյանի հեռագրում մասնավորապես ասվում է. «Ձերդ գերազանցություն, Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ համբերություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»:


Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը: «Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում»,- այսօրվա ասուլիսում հայտնեց Խալիլ Շիրղոլամին: Պաշտոնական Երևանը Հայաստան-Իրան ցամաքային փակման մասին ոչինչ չի հաղորդել: Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան: «Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ երեկ մոտ 20 հոգի է ցամաքային ճանապարհով ուղևորվել Իրան, ևս 15 հոգի էլ կհասնեն Երևան, հետո՝ Իրան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել