Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:19 12-02-2026

Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, ակնակապիճի կոտրվածք

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Լոռու մարզի դպրոցներից մեկում 13-ամյա երեխայի` դաժան ծեծի ենթարկվելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Կատարվում է նախաքննություն:

Դեպքը տեղի է ունեցել երեկ, փետրվարի 11-ին, Լոռու մարզի դպրոցներից մեկում: Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա երեխան շտապօգնության մեքենայով մոր և մի քանի հարազատների ուղեկցությամբ դպրոցից տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, այնտեղից` Երևանի մասնագիտացված մանկաբուժական հիվանդանոցներից մեկը։

«Կատարվել է ռեանիմատոլոգի, նյարդաբանի, վնասվածքաբանի խորհրդատվություն, համապատասխան բուժում, արվել են բոլոր հետազոտությունները, այդ թվում` ԿՏ հետազոտություն, ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, ակնակապիճի կոտրվածք`տեղաշարժով,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:- Վիճակը կայունացվել է, խոսել եմ երեխայի հետ, ինձ հետ շփվել է: Հետո նեղ մասնագիտական կլինիկայի հետ պայմանավորվել ենք, քանի որ 13 տարեկան է, մանկական հիվանդանոց ենք տեղափոխել, որտեղ կա և’ մանկական նյարդաբան, և՛ նեյրովիրաբույժ, և՛ դիմածնոտային վիրաբույժ: Տեղափոխվել է դարձյալ շտապօգնությամբ, ամբողջությամբ պետապվերի շրջանակում: Այսօր էլ ուղեգիր ենք տվել, որովհետև հնարավոր է միջամտություն լինի վիրահատական: Կարվի, թե՝ ոչ, դա արդեն դիմածնոտային մասնագետը կասի»:

Տուժող երեխայի մայրը պատմել է, որ համադասարանցիների հետ է միջադեպը եղել: Բայց բժշկուհու փոխանցմամբ՝ միջադեպի մասնակից այլ երեխաներից ոչ մեկը ոչ մի վնասվածք չի ստացել` բացի բժշկական կենտրոն բերված երեխայից: Հիմնական վնասվածքներն էլ գլխի, դեմքի շրջանում են:

«Չնայած մենք ամբողջ մարմինն ենք հետազոտել, բայց ոչ մի տեղ կոտրվածք, սալջարդ, կապտուկ չի եղել` բացի գլխի շրջանից: Դատական բժիշկը կտա իր եզրակացությունը, բայց վիզուալ մենք ինչ-որ տեսել ենք` որպես բժիշկ, հիմնական թիրախը գլուխն է եղել: Ինքն էլ մի լավ տղա՝ սիրուն, պուճուր-մուճուր, ասում եմ` ոնց ես, թե՝ լավ եմ, բայց վախ կար, սարսափ կար բնականաբար աչքերի մեջ։ Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, բալես, չմտածես։ Զգացի, որ մի փոքր ապահով զգաց։ Դե մայրն էլ արդեն կողքին էր,- պատմեց բժշկուհի Սիսակյանը,-Մեր երեխեքն են, մեզ մոտ են գնում-գալիս, մենք ենք սպասարկում, բոլորին գիտենք: Իրենք էլ բազմանդամ ընտանիք են, 4 երեխա, ինքը երկրորդ երեխան է»:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին