Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 07:58 11-02-2026

Կրթական 4 ծրագիր, 2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. նախարար Ավանեսյանի կենսագրությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացված կրթական և աշխատանքային ուղին, դրանց ժամանակային համադրումը և հաջորդականությունը առաջացնում են հարցեր, որոնք դուրս են անձնական կենսագրության շրջանակից և մտնում են հանրային հաշվետվողականության դաշտ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը հիմնված է նախարարի պաշտոնական կենսագրության մեջ հրապարակված տվյալների, դրանց համադրման, ինչպես նաև նախարարին ուղարկված պաշտոնական հարցման և ստացված պատասխանի վրա։

Մագիստրատուրա՝ առանց կրթական աստիճանի

Պաշտոնական կենսագրության համաձայն՝ 1997-2003 թվականներին նախարարն ուսանել է Երևանի պետական համալսարանում և ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։

Միաժամանակ կենսագրության մեջ բացակայում է բակալավրի աստիճանի վերաբերյալ որևէ տվյալ։ Մինչդեռ ՀՀ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, ինչպես նաև միջազգային կրթական չափորոշիչներով, մագիստրատուրա ընդունվելու պարտադիր նախապայման է բակալավրի կրթություն ստանալն ու ավարտելը։

Վերոնշյալի վերաբերյալ նախարարին ուղղված հարցումը մնացել է առանց պարզաբանման։


Երկու մագիստրատուրա՝ նույն տարիներին

Կենսագրության հաջորդ կետով նշվում է, որ 2002-2004 թվականներին նախարարն ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ Սա փաստացի նշանակում է, որ 2002-2003 թվականներին նա միաժամանակ սովորել է երկու տարբեր մագիստրոսական ծրագրերում՝ ԵՊՀ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում. անհնար համատեղություն: Առանց բակալավրի ավարտական դիպլոմի մագիստրատուրա ընդունվելը ուղղակի անհնար է: Բացի այդ, Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոսական ծրագրերը գործում են ամերիկյան կրթական մոդելով և որպես կանոն պահանջում են լիաժամ, ինտենսիվ ուսում: Եվ առաջանում է հարց. ինչպե՞ս է կազմակերպվել ուսումնական գործընթացը, և արդյո՞ք երկու բուհերում էլ ուսման պայմանները պահպանվել են լիարժեք։

Չորս կրթական ծրագիր և արտասահման այց

Նույն՝ 2002-2004 թվականների ժամանակահատվածում նախարարն իր կենսագրության մեջ նշում է նաև․

• 2002-2004 թթ.-ին՝ ուսում Առաջնորդների զարգացման կենտրոնում,
• 2002-2004 թթ.-ին մասնակցություն Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին,
• 2003 թ.-ին կրթական այց Ստրասբուրգում՝ Եվրախորհուրդ։

Այսինքն՝ ըստ պաշտոնական տվյալների, նախարարն այդ տարիներին ներգրավված է եղել առնվազն չորս զուգահեռ կրթական գործընթացներում, որոնցից մեկը ենթադրում է նաև երկրից դուրս գտնվել։

Հարցը կրկին մնում է բաց, քանի որ նախարարը պարզապես չի պատասխանել, թե ինչպե՞ս է հնարավոր ժամանակային և ֆիզիկական առումով համատեղել այս բոլոր 4 կրթական ծրագրերը։

Միաժամանակ պետական աշխատանք

Բայց դա դեռ ամենը չէ: Անահիտ Ավանեսյանի կենսագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում նախարարն իրականացրել է նաև աշխատանքային գործունեություն․

•2000-2001 թվականներին՝ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում,
• 2001-2002 թվականներին՝ Պետական ռեզերվների գործակալությունում՝ որպես իրավախորհրդատու:

Սա նշանակում է, որ ինտենսիվ ուսումնառության և միջազգային ծրագրերի տարիներին նա միաժամանակ իրականացրել է նաև պետական ծառայություն։ Սա ևս անհնար համատեղություն է. պետական համակարգում աշխատել առանց ավարտական դիպլոմի, առանց մասնագիտացման…

Նախարարի արձագանքը մեր հարցումներին

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության կողմից նախարարին ուղարկվել են գրավոր հարցումներ՝ վերոնշյալ անհամապատասխանությունների պարզաբանման նպատակով։


Ի պատասխան՝ նախարարն առաջարկել է կրթական հարցերը հասցեագրել համապատասխան կրթական հաստատություններին, այսինքն` յուրաքանչյուր բուհ պետք է պարզաբանի իր ընդունելության և ուսումնառության գործընթացը։

Միաժամանակ նախարարը հայտնել է, որ առանձին ռիլով (տեսանյութով) կանդրադառնա հարցին, սակայն այս հոդվածի հրապարակման պահին նման հրապարակային պարզաբանում դեռևս չէր ներկայացվել։

Նա չի պատասխանել անգամ հարցին, թե որտեղ է ապրել այդ տարիներին և որ դպրոցն է հաճախել:

Ընտանեկան կապերի համատեքստը

Հանրային աղբյուրներից հայտնի է, որ տվյալ ժամանակահատվածում նախարարի մայրը եղել է Ազգային ժողովի պատգամավոր Մարգուշ Վարդանյանը (1995-2000) ` ՀՀ այդ օրերի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ ընկերուհին (ըստ ժամանակի մամուլի) և ունեցել է ազդեցիկ քաղաքական կապեր։ Եվ հարցական է մնում արդյո՞ք ազդեցիկ քաղաքական միջավայրը որևէ դեր ունեցել է կրթական և մասնագիտական բացառիկ ու անհամատեղելի հնարավորությունների ձևավորման մեջ։

Իրավական դաշտը

ՀՀ օրենսդրությամբ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող կենսագրական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և ամբողջական։ Սխալ կամ թերի տվյալները, եթե դրանք օգտագործվել են պաշտոն զբաղեցնելու կամ առավելություն ստանալու նպատակով, կարող են առաջացնել իրավական հետևանքներ։

Այս փուլում «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը չի ձևակերպում մեղադրանք, սակայն արձանագրում է՝
պաշտոնական կենսագրության մեջ առկա են բացեր և անհամապատասխանություններ, որոնք պահանջում են հստակ ու փաստարկված պարզաբանումներ, բացատրություններ։

Այսպիսով`

ՀՀ առողջապահության նախարարի կենսագրության շուրջ առաջացած հարցերը չեն վերաբերում անձնական կյանքին, այլ առնչվում են հանրային վստահությանը և պետական պաշտոնի թափանցիկությանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել