copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:34 12-11-2025

Պետական պարտքը չի կայունացել, այն կրկնապատկվել է. սա պարտքային փակուղի է. Անանյան

Պետական պարտքը չի կայունացել, այն կրկնապատկվել է, այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախարար, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

«Հայաստանի հանրային ֆինանսների համար պատասխանատուի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ ՀՀ ազգային ժովողում հնչեցրած վերջին հայտարարությունները պետական պարտքի մասին, առնվազն մոլորեցնող են։

Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ պարզապես փորձում է խաբել հանրությանը։

Փաստ 1․ պարտքը իրականում կրկնապատկվել է
2017թ․ պարտքը կազմել է 3.28 տրիլիոն դրամ, 2025թ․ սեպտեմբերին՝ 5.43 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ +2.15 անգամ աճ, իսկ դոլարով՝ մոտ +7.4 միլիարդ դոլար։ Այնպես որ՝ պարտքը ոչ միայն կրկնապատկվել է, այլ դարձել է Հայաստանի բյուջեի հիմնական «շնչառական ապարատը»։

Փաստ 2․ ներքին պարտքի կտրուկ աճը հենց նախարարի պաշտոնավարման շրջանի արդյունք է
Վերջին երկու տարում ներքին պարտքը աճել է ավելի քան +630 մլրդ դրամով, իսկ նրա մասնաբաժինը առաջին անգամ գերազանցել է արտաքինին՝ 51.4% ներքին՝ 48.6% արտաքինի դիմաց։ Սա ոչ թե հաջողություն է, այլ էլեմենտար ցուցիչ այն մասին, որ արտաքին վարկային շուկաները փակվել են Հայաստանի համար, և կառավարությունը սկսել է պարտք վերցնել «տանը՝ սեփական բանկերից»։

Փաստ 3․ ներքին պարտքը ավելի թանկ է, քան արտաքինը
Արտաքին վարկերը տարիներ շարունակ ներգրավվում էին 2–3% տոկոսադրույքով։ Այսօր գանձապետական պարտատոմսերը ներգրավվում են 8–10% եկամտաբերությամբ։ Այն, ինչ նախարարն անվանում է «կայունացում», իրականում նշանակում է՝ պետությունը պարտք է վերցնում իր քաղաքացիներից՝ կրկնակի գնով։ Այսօր բյուջեն վճարում է ավելի շատ, միայն թե կարողանա ծածկել սեփական պակասուրդը։

Փաստ 4․ արտաքին պարտքը չի նվազել՝ այն դարձել է անհասանելի
Նախարարն ասում է՝ «արտաքին պարտքը նվազել է»։ Սակայն դա չի նշանակում, որ այն վերադարձվել է։ Պարզապես նոր վարկեր այլևս ներգրավել չենք կարողանում։ Հայաստանի վարկունակությունը ընկել է, միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը՝ նվազել։ Այսինքն՝ պարտքի կրճատումը ոչ թե հաջողություն է, այլ վարկային մեկուսացում։

Փաստ 5․ դրամի արժևորման շնորհիվ պարտքը թվացյալ փոքր է երևում
Դրամը վերջին տարիներին արժևորվել է՝ 522 դրամ/դոլարից իջնելով մինչև 382 դրամ/դոլար։ Այդ պատճառով պարտքը դոլարով ներկայացնելիս թվերը արհեստականորեն փոքր են։ Բայց պարտքը (ներքին պարտքը) մենք վերադարձնում ենք դրամով, ոչ թե դոլարով։ Եվ դրամով այն աճել է ավելի քան +2.15 տրիլիոն դրամով։

Եզրակացություն․ սա պարտքային կայունություն չէ, սա պարտքային փակուղի է

Արտաքին վարկերը դարձել են անհասանելի, ներքին շուկան գերծանրաբեռնված է պետական պարտատոմսերով, բիզնեսը զրկվում է վարկային ռեսուրսներից, իսկ պետությունը պարտք է վերցնում, որպեսզի գոյատևի։

Այդ ֆոնին նախարարի խոսքերը «կայուն պարտքի» մասին հնչում են ոչ թե որպես հաշվետվություն, այլ որպես ինքնարդարացման փորձ։

Պետական պարտքը չի կարելի չափել միայն միլիարդներով: Այն չափվում է պատասխանատվությամբ, վստահությամբ և ապագայի հանդեպ պարտավորությամբ։

Եվ եթե այս կառավարությունը պարտքը դարձրել է գոյատևման միջոց, ապա նա ոչ թե «կայունացրել է» պարտքը, այլ՝ կայունացրել է սեփական անպատասխանատվությունը»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին