Ազգային ժողովն օրերս չընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 26 կողմ, 58 դեմ, 2 ձեռնպահ ձայներ:
ՔՊ-ականների կողմից մերժված նախագծով Հայոց ցեղասպանության կամ նմանատիպ հանցագործությունների հերքումը, մեղմացումը, հավանության տալը կամ արդարացնելը պետք է պատժվեր տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ՝ մինչև 4 տարի ժամկետով։
Եթե արարքը կատարվեր ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության հիմքով ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, ապա նախատեսվում էր ազատազրկում 4-8 տարի ժամկետով, իսկ եթե այն իրականացվեր զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կկիրառվեր առավել խիստ պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում և մինչև 5 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները պնդում են՝ նման կարգավորում արդեն իսկ գործում է:
Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հետևյալ հարցն ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները դեմ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվի»։
Հարցվածներից շատերը նշեցին, որ ՔՊ-ականներից այլ բան չէին էլ սպասում, քանի որ նրանք շարժվում են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով։
«Փոխադարձ համաձայնություն կա, ինձ թվում ա՝ թուրքերի հետ, ժխտման, չգիտեմ, միջազգային ատյաններից հետվերադարձման։ Դա պայմանավորվածություն ա, որն իրանց խաղաղություն կոչեցյալի բաղկացուցիչ մասն ա կազմում։ Առանց ցեղասպանության ժխտման ո՛չ թուքերը, ո՛չ ադրբեջանցիները ոչ մի սենց դրական քայլ չէին անելու։ Ինձ թվում է՝ դա է պատճառը»,- ասաց մի տղամարդ՝ պնդելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի։
«Քանի որ մարդ չեն, նրանք մենակ իրանց մասին են մտածում»,- պատասխանեց մեկ այլ տղամարդ։
Մի քաղաքացի էլ կարծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի, բայց ոչ հիմա։ «Հիմա էդ ժամանակները չի։ Հիմա ավելի լավ ա, որ ասենք մեր կողքի երկրների հետ՝ Թուրքիայի հետ և ազերբեջանցոց հետ լավ պայմաններ ունենանք՝ խաղաղ, դրանից հետո հանգիստ կարելի ա զբաղվել էդ գործով»,- ասաց նա։
Որոշ քաղաքացիներ էլ հրաժարվեցին հարցին պատասխանելուց՝ նշելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։
Մանրամասները՝ տեսանյութում․