copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 18:30 29-09-2025

Նիկոլը համոզելու է՝ եթե ինքը չընտրվի, պատերազմն ու զոհերը անխուսափելի կլինեն

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ունեցած ելույթում վստահություն է հայտնել, որ 2026 թվականին կայանալիք ընտրություններում ինքը վերընտրվելու՝ խոստանալով դրանից հետո նոր Սահմանադրություն ընդունելու գործընթաց նախաձեռնել։ «2026 թվականին՝ ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար»,- ասել է նա։

Oragir.News-ը ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտադիր Սահմանադրության փոփոխության հանրաքվեն ընտրություններից հետո նախաձեռնել, և այս հարցը կարո՞ղ է միավորող գործոն դառնալ նախընտրական շրջանում։

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Ինչո՞ւ ընտրություններից հետո, որովհետև գործող Սահմանադրությամբ, սահմանադրական «այո»-ի՝ այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 650․000 կողմ ձայն։ Փաշինյանի այսպես կոչված, սահմանադրական օրակարգը, որը ոչ թե իր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգն է, ենթադրում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից Անկախության հռչակագրի՝ 3-րդ Հանրապետության հիմնարար փաստաթղթի հանումը։ Փաստացի, սա կլինի Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը, որը ոչ այլ ինչ է, քան թուրքական ենթապետության հռչակում։

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ չի կարող հանրաքվեի միջոցով ստանալ անհրաժեշտ 650․000 «այո»։ Հետևաբար, նա փորձելու է օգտագործել «խաղաղություն» բառը որպես մանիպուլատիվ գործիք՝ հասարակությանը ներկայացնելով այն որպես ընտրության միակ ճիշտ տարբերակ։ Նա կփորձի մարդկանց համոզել, թե եթե ցանկանում են խաղաղություն, ապա պետք է քվեարկեն իր օգտին, իսկ հակառակ դեպքում՝ կլինի պատերազմ։ Ստանալով այս կերպ մանդատ՝ նա կշարունակի առաջ մղել սահմանադրական օրակարգը՝ պնդելով, թե եթե ուզում ենք, որ մեր երեխաները չմորթվեն, ապա պետք է ընդունենք սահմանադրական փոփոխությունները»։

Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանը Փաշինյանի լավատեսությանը համարժեք չի արձագանքում։ «Ինչքան էլ փորձի խաղաղություն բառը տարբեր սոուսներով ուտացնել, 2 օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից իր 15 րոպեանոց ելույթում 11 անգամ Հայաստանը համարելով «օկուպանտ», խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ որպես Հայաստանի սուվերենությունից դուրս տարածքի, խոսելով Հայաստանի կապիտուլյացիայի մասին, Հայաստանին մեղադրելով էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ Ալիևը հերթական անգամ ազդարարեց, որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, ուստի Նիկոլը չի կարող հիմա ստանալ 650 հազար «այո»։ Ինքը փորձելու է խաղաղություն բառն օգտագործելով գնալ ընտրության, ասել՝ եթե ուզում եք խաղաղություն, ուրեմն, պիտի քվեարկեք իմ օգտին, հակառակ դեպքում կլինի պատերազմ, էդպես ստանալ քվե և քվե ստանալուց հետո նոր օրակարգ դնել, եթե ուզում եք ձեր երեխաները չմորթվեն, պիտի ընդունենք Սահմանադրության փոփոխությունը և հանենք սահմանադրական հանրաքվեն։ Ինքը փորձելու է անընդհատ օրակարգ բերել էքզիստենցիալ գոյաբանական ֆորմուլաներ՝ պատերազմ կամ խաղաղություն՝ փորձելով ներկայացնել, որ խաղաղությունը ինքն է, պատերազմը մնացյալն է, կա՛մ մորթվում ենք, կամ հանում ենք անկախության հռչակագիրը։

Սա է օրակարգը, ինչ վերաբերում է հանրաքվեից առաջ ընդդիմությանը միավորելուն, ապա էս ընդդիմությունը իրար փոր թափելու փոխարեն, իրար դեմ հիբրիդային պատերազմ վարելու փոխարեն, թող փորձեն, քանի որ մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ Մոլդովայում և ինչպես արևմտյան դրածո Սանդուն, կալանավորելով ընդդիմադիր գործիչներին, փակելով ընդդիմադիր կուսակցությունները, խայտառակ ընտրակեղծիքներով, Ռուսաստանում ապրող 300000 մոլդովացիներին, ըստ էության, զրկելով քվեարկության իրավունքից, ապահովեց իր վերարտադրությունը։ Իսկ ո՞վ է ասել, որ Նիկոլը նույն կերպ չի գնալու 26-ի ընտրությանը։ Հիշենք, մոտավորապես 1 ամիս առաջ էր իրանց ուսապարկերից մեկը, խոսքի մեջ նշեց Դաշնակցությունը փակելու մասին, ահա այսպես, կուսակցություններ արգելելով, փակելով կալանավորելով, ինքն իր գրպանի, իր սատելիտ ուժերով գնալու է ընտրության, ուստի ընդդիմությունը էս նողկալի իրար դեմ պայքարը, մի կողմ պիտի դնի և փորձի միավորվել։ Եթե ինձ հարցնեք, ես լավատես եմ, որ էդ միավորումը կլինի, էս փուլում՝ ոչ»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան սահմանադրության հանրաքվե վրա՝ Զոհրաբյանը պատասխանեց, որ հնարավոր է, որ ընտրություններից հետո Փաշինյանը նույնիսկ չանցկացնի հանրաքվե։

Ըստ նրա՝ Փաշինյանը կարող է հայտարարել, որ եթե ժողովուրդը խորհրդարանական ընտրություններում իրեն տվել է վստահության քվե, նշանակում է՝ աջակցում է նաև սահմանադրական փոփոխությունների իր հայտարարած օրակարգին։ «Այդ պարագայում նա կարող է Ազգային ժողովում նախաձեռնել փոփոխություն «Հանրաքվեի մասին» օրենքում, ու սահմանադրական փոփոխությունը ոչ թե հանրաքվեի, այլ խորհրդարանական քվեարկությամբ անցկացնել։ Այս սցենարում հնարավոր է նաև Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որից հետո՝ փաստացի, ոչնչացնել 3-րդ Հանրապետությունը և ստեղծել նոր՝ 4-րդ թուրքական ենթապետություն»,- շեշտեց նա։

Զոհրաբյանը հավելեց, որ այժմ արդեն հարցը ոչ թե այն է, թե Փաշինյանը էլ ինչ կարող է անել, այլ՝ թե ընդդիմությունը ի՞նչ կարող է ու ցանկանում է անել՝ այդ ամենին հակազդելու համար։
Անի Կեսոյան



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել