Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:48 22-09-2025

ԱԱԾ տնօրենը գերիներին չբերեց, տարածքներ կփոխանակվեն, ՔՊ նոր վարչությունը, պարտքն աճել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 22-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը վերադարձել է Բաքվից, բայց առանց գերիների։ Բաքվի բանտում գտնվող հայ գերիների հարազատներն անհամբերությամբ էին սպասում Ադրբեջանից Սիմոնյանի վերադարձին՝ հույսով, որ մի տեղեկություն կլսեին գերիների ազատ արձակման մասին: «Սպասում էինք, որ ինչ-որ նորություն կբերի մեզ համար: Գոնե մի տեղեկություն բերեին, որ այս իրավիճակն է՝ կա՛մ բերելու են, կա՛մ չեն բերելու: Ոչ մի բանից տեղյակ չենք՝ իրենք ինչ են անում, գնում-գալիս են իրենց համար, ժողովրդին տեղյակ չեն պահում, թե ընդհանրապես ինչ է կատարվում», - ասել է գերիներից մեկի հարազատը։ Գերիների հարազատները Բաքվից նոր վերադարձած ԱԱԾ տնօրենից հանդիպում են խնդրում՝ ակնկալելով գոնե նրանց առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն ստանալ, սակայն առ այս պահը նրանց ոչ մեկ չի ընդունել։ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Հայտնի չէ, թե արդյոք այցի ընթացքում ԱԱԾ տնօրենը ադրբեջանական կողմի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, արդյոք նրանց վիճակի և պահման պայմանների մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն ունեցել է, թե ոչ: Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ է պահվում, նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Դատարանն ամենայն հավանականությամբ հենց այսօր կորոշի՝ իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավո՞ր է, թե՞ անմեղ։ Արդեն երեք ամիս ճաղերի ետևում գտնվող Միքայել սրբազանի դատավարությունն ընթանում է շատ արագ. ընդամենը մեկ ամսվա ընթացքում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հետազոտվեցին ապացույցները, հնչեցին մեղադրական և հինգ պաշտպանական ճառերը, վերջին խոսքով հանդես եկավ ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Այսօր էլ պաշտպանական թիմի արձագանքներին կհաջորդի դատավորի վճիռը։ Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, նախորդ նիստում պնդել էր, որ սա քաղաքական պատվեր է։ «Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցական, եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ»,- ասել է Սրբազանը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Փաստաբանական թիմն ամբողջ դատավարության ընթացքում կասկածում էր, թե դատավորը կարող է արդար վերդիկտ հրապարակել, պնդելով, որ ամբողջ ընթացքը՝ խուզարկումից մինչև ձերբակալություն ու դատավարություն անցել է բազմաթիվ խախտումներով։

Այսօր հայտնի է դարձել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչության նոր կազմը։ Վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ վարչության անդամներ են ընտրվել Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Խուդաթյանը, Ալեն Սիմոնյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Խաչատրյանը, Նազելի Բաղդասարյանը և Արուսյակ Մանավազյանը։ Վարչության նոր կազմում տեղ չի գտել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի էլ առաջադրվել։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման օգտագործումը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ պատասխանելով հարցին արդյոք «Թրամփի ուղու» փոխարեն «Զանգեզուրի միջնացք»-ի օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից չի՞ ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, քանի որ միջանցքն այլ տրամաբանություն ունի: «Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չի կորցրել խաղաղությունից և ոչ ոք չի շահել դեռ պատերազմից: Մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները, նախարարությունների միջև կապերը շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես, ես լավատես եմ: Ինչ վերաբերում է մանրամասներին, ես չեմ կարող շատ մանրամասներ նշել, քանի որ մենք չգիտենք մանրամասները, բայց ընդհանուր առմամբ եկեք սպասենք, լինենք լավատես, որպեսզի խաղաղություն հաստատենք երկրների միջև, որ բացվեն սահմանները»,- ասաց նա։ Անդրադառնալով հարցին՝ նա նշում է, որ խաղաղությունը կարևոր է, բայց Արդբեջանում դեռ հայ ռամզագերիներ կան, ի՞նչ է պատրաստ անել Թուրքիան այս հարցով՝ թուրք պատգամավորն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, սակայն Թուրքիան պատրաստ է անել ամեն բան խաղաղության հաստատման համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից