copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 17:35 05-09-2025

Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի նկատմամբ․ Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գրառումը․

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Իրականությունն այն է, որ այդ փաստաթղթերի թերությունները այնքան բազմաթիվ և հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարավոր դրական արդյունքները։

Ըստ այս լավատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկա սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերյալ հավաստիացումներ և տնտեսական առավելություններ՝ նոր ճանապարհների և երկաթուղային նախագծերի շնորհիվ։ Սակայն այս մեկնաբանությունը, թեև ցանկալի, շատ հեռու է հուսալիությունից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք հաճախ անտեսվում են աջակիցների կողմից և որոնք արժանի են առանձնակի ուշադրության։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ավելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժեք կունենային Արցախի և Լաչինի գոյության՝ թեկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձևափոխված պայմաններում, որի լայն հնարավորությունը ուներ Փաշինյանը իր իշխանության առաջին տարիներին։ Արցախի չգոյության պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը և գոհունակություն հայտնել՝ մեղմ ասած, շատ դժվար է։

Երկրորդ՝ ինչպես էլ որ այն ներկայացվի, այսպես կոչված «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրավունք՝ օգտվելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թե նախագիծը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպված է եղել զիջել վերահսկողությունը տարանցման նկատմամբ այն պետությանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյությանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերյալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Երրորդ՝ խաղաղության պայմանագիրը ինքնին որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագա սահմանազատմանը, որը դեռևս մնում է չլուծված և խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի սահմանադրության, սահմանների կամ արտաքին քաղաքականության նկատմամբ։

Վերջապես, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետևանքների շուրջ վերլուծությունների մեծ մասը հիմնված է հակասական ենթադրությունների վրա։ Ոմանք պնդում են, թե այս կարգավորումը շահավետ կլինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ այն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։ Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը և նրան շրջապատող տարածաշրջանը մշտապես փոփոխության մեջ են։ Ոչ ոք չի կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, հատկապես գերտերությունների մրցակցության պայմաններում։ Ասել, թե այս համաձայնագրերը երաշխավորում են կայունություն, նշանակում է անտեսել պատմությունը․ տարածաշրջանը բազմիցս ցույց է տվել, թե որքան արագ կարող են փլուզվել թվացյալ հաջողությունները։
Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողությունների հետ առերեսվելու, նշանակում է շփոթել ձևականությունն ու արարողությունը բովանդակության հետ։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան