copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:51 16-04-2025

Գագիկ Բեգլարյանը ապօրինի ձեռք է բերել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 233 մլն ՀՀ դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով, 2008 թվականի դեկտեմբերի 25-ին համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառել է այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը՝ ավագանու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը: Արդյունքում՝ ավագանու որոշմամբ հիշյալ հաստատությունը վերակազմակերպվել և միացվել է նույն համայնքի մեկ այլ մանկապարտեզի:

Պարզվել է նաև, որ Գ. Բ.-ն դրդել է Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին նշված անշարժ գույքը ավագանու որոշմամբ վարձակալությամբ տրամադրել իր հետ փոխկապակցված անձին՝ հետագայում այն փաստացի իրենը դարձնելու նպատակով: Դրանից հետո, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու նպատակով, Գ. Բ.-ն նշված անշարժ գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ 23 մլն դրամով, ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել է իր հետ փոխկապակցված անձին: Այնուհետև Գ. Բ.-ն նախնական համաձայնության է եկել վերջինիս հետ՝ նշված գույքը դարձյալ ձևական առուվաճառքի պայմանագրով 24 մլն դրամով իր հորը օտարելու վերաբերյալ, որի արդյունքում գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը: Այդ կերպ թաքցվել և խեղաթյուրվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը:

Նույն կերպ Գ. Բ.-ի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 մլրդ դրամի՝ մնացած 26 անշարժ գույքը, մի դեպքում՝ ուղղակի վաճառքի, մյուս դեպքում՝ նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով: Արդյունքում՝ նշված ամբողջ գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը:

Գ. Բ.-ին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախաքննության ընթացքում Գ. Բ.-ի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»