Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:25 10-04-2025

Միրզոյանը ԱՄԷ չլուսաբանված այց չի ունեցել, պարզապես վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան չվերթով. ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հերքել է տեղեկությունները, թե Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է նաև ԱԳՆ հարցում կատարած լրատվամիջոցին ու չնայած դրան՝ հրապարակվել է կեղծ ու սխալներով լի տեղեկատվություն:

«Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հարցում էր ստացել Փաստինֆո գործակալության լրագրողից, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս չլուսաբանված այց է կատարել Դուբայ (ԱՄԷ), որտեղ ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թե՛ բանավոր, թե՛ գրավոր պատասխանում միանշանակ հերքել է ԱԳ նախարարի իբր «չլուսաբանված այցի» մասին ԶԼՄ-ի սխալ «տեղեկությունները»՝ նշելով, որ նախարարի աշխատանքային և պաշտոնական այցերը մշտապես լուսաբանվում են, չլուսաբանված որևէ այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել։ Լրագրողին նաև տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով։ Միաժամանակ, հստակ նշվել է, որ Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել։ Պատասխանում լրացուցիչ ընդգծվել է, որ այն տրամադրվում է որպես հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում։


Չնայած հերքվելուն՝ Փաստինֆո գործակալության հրապարակած նյութի վերնագրում առկա է «Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ» պնդումը: Միաժամանակ բուն տեքստում ևս տեղ են գտել կեղծ պնդումներ.

ա) նախարարի՝ Դուբայում լինելու ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական շփումներ ունենալու վերաբերյալ,

բ) Դուբայում գիշերակացով կանգ առնելու և դրա վերաբերյալ ԱԳՆ կողմից պարզաբանում չտրամադրվելու վերաբերյալ (թեև գիշերակացի վերաբերյալ ԱԳՆ-ին անգամ հարց չէր ուղղվել, իսկ ուղղված լինելու դեպքում միանշանակ կհերքվեր),

գ) առհասարակ Դուբայում լինելու փաստն իբրև թե ԱԳՆ կողմից նախ հերքվելու և հետո նոր հաստատվելու վերաբերյալ (թեև ի սկզբանե հերքվել է թե՛ այցը, թե՛ այլ երկրի ներկայացուցչի հետ հանդիպում ունենալը, և ոչ թե Դուբայում տարանցիկ թռիչքով մի քանի ժամ գտնվելու փաստը):

Հրապարակման պահին ընդամենը չորս պարբերություն ունեցող նյութում ապատեղեկատվության տարածմանը միտված երանգավորումներն այսքանով չեն սահմանափակվում, և լրատվականի հրապարակման մեջ այլ անճշտությունների մասին տեղեկացվել է նամակով։

Ձեռնպահ կմնանք կոնկրետ այս արարքին գնահատական տալուց, սակայն հենց նման իրավիճակներն են, որ հանրության կողմից ընկալվում են իբրև չարամտորեն մոլորեցնող և մանիպուլյացիոն ապատեղեկատվություն, իսկ նման կեղծիք տարածողը, մեղմ ասած, չի դիտվում որպես լրատվամիջոց: Կարծում ենք, որ նման երևույթները ստվերում են ԶԼՄ-ների առաքելությունն ու նրանց նկատմամբ վստահությունն առհասարակ, հետևաբար դրանց դեմ պետք է պայքարի առաջին հերթին լրագրողական հանրույթը, առնվազն՝ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելու էթիկական պարտավորություն ունեցողները:

Ի դեպ, տվյալ հրապարակումից հետո լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ։

Հաշվի առնելով վերոնշյալը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները՝ Փաստինֆո գործակալությունից և տվյալ նյութն արտատպած ԶԼՄ-ներից պահանջում ենք նշված հրապարակման հեռացում և սույն գրառման տարածմամբ ԱԳՆ անունից հստակ հերքման հրապարակում: Ակնկալում ենք նաև հետագայում նմանատիպ «նյութերը» պարզապես արտատպելու փոխարեն ԱԳՆ հետ դրանց հավաստիության ճշտում։

Շնորհակալ ենք ԶԼՄ այն գործընկերներին, ովքեր մեխանիկորեն չեն արտատպել նյութը կամ արդեն իսկ արձագանքել են և կատարել համապատասխան հերքում։

Եվ վերջում կցանկանայինք վերահաստատել, որ ԱԳ նախարարությունն աշխատել և շարունակելու է թափանցիկորեն լուսաբանել ԱԳ նախարարի այցերն ու հանդիպումները՝ հաշվետու լինելով ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ