copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:14 09-04-2025

Ադրբեջանը հայտարարել է՝ չի կատարելու ԵԴ վճիռները. սա Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն է

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ․

«Հարգելի' գործընկերներ,

Այսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական ​​համակարգի նկատմամբ վստահության աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը գնահատելիս մենք պետք է հիշենք մի բան՝ դա զուտ իրավական ձևականության խնդիր չէ: Խոսքն արդարադատության նկատմամբ հանրային վստահության և մեր երկրներում օրենքի գերակայության ապագայի մասին է: Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե Եվրոպական դատարանի որոշումներն իրականում ինչպես են ազդում արդարադատության որակի վրա և նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Հավանաբար ժամանակն է, որ Եվրոպայի խորհուրդը դուրս գա վիճակագրության շրջանակից և գնահատի, թե արդյոք Դատարանի վճիռներն իսկապես վերափոխո՞ւմ են իրավական մշակույթը և խթանում ինստիտուցիոնալ բարեփոխումները: Որովհետև ուժեղ արդարադատության համակարգերն ավելին են պահանջում, քան պարզապես համապատասխանությունն է. նրանց անհրաժեշտ է անկախություն, խիզախություն և, որ ամենակարևորն է, քաղաքացիների, այլ ոչ թե քաղաքական էլիտաների վստահությունը:

Իմ երկրի՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ավելի լայն միտումի մի մասն են, երբ ազգային դատարանները կարող են պաշտոնապես ընդունել Եվրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել դրանց ինտեգրումն ամենօրյա իրավական պրակտիկայում: Արդյունքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եվրոպական դատարանի չափանիշները և հետագայում կրկին ու կրկին չեղարկվում Ստրասբուրգում:

Այս խզումը պատահական չէ։ Շատ դատավորներ, պահպանելու փոխարեն օրենքը, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանության ղեկին գտնվողների նախասիրություններին: Նրանք շեղվում են Կոնվենցիայից, ինչը հաճախ արվում է քաղաքական առճակատումից խուսափելու համար: Հայաստանում մենք ականատես ենք նման դեպքերի աճի, մասնավորապես՝ ձերբակալման և կալանավորման հետ կապված։ Դատավորները որոշումներ են կայացնում, որոնք հակասում են Կոնվենցիային՝ հիմնվելով այն փաստի վրա, որ անգամ եթե պատասխանատվությունը վրա հասնի, կարող է տարիներ տևել:

Հայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ՝ ներքաղաքական օրակարգի գործիքներ։ Եղել են դատական ​​իշխանության անկախության ուղղակի հրապարակային խախտումների դեպքեր, ինչը նույնպես պետք է ընկալվի որպես Կոնվենցիայի լուրջ վարկաբեկում։

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով խոսքս՝ պետք է ուշադրություն հրավիրեմ նաև այսօրվա տագնապալի լուրերին. Ադրբեջանը հայտարարել է, որ չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները՝ պատճառաբանելով ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունները չհաստատելը։ Սա բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, խայտառակ ցուցադրական դատավարություններ է անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:

Սրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ: Եվ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին»։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի