copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:55 27-03-2025

Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

Անդրադառնալով այս այցին, ինչպես նաև, ընդհանրապես, Հայաստան-Իրան կապերին, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ բարձրացնում է տնտեսական չօգտագործված ներուժի թեման: Նշվում է, որ 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2,4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ Հեղինակները հիշեցնում են նաև, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը։ Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։

«Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ իրանական շուկա՝ Պարսից ծոց և Հնդկաստան, իսկ Իրանը ՀՀ-ի տարածքով ելք կունենա դեպի ռուսական, վրացական շուկաներ, Բաթումի և Փոթի նավահանգիստներ ու Եվրոպա։
ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-գրում է ալիքը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ապա, ըստ հեղինակների, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական ծրագիր է, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, ինչպես նաև այդ տանդեմի կուրատոր անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի աշխարհաքաղաքական հաշվարկներից. «Իրանը չի ցանկանում, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծվի պանթուրքական միջանցք, և Իրանը կտրվի Հայաստանից, քանի որ դա խթանելու է Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականության աճը։

ՀՀ-ն չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի. դա է Թեհրանի մեսիջն Երևանին։ ՀՀ-Արևմուտք կապերի խորացումն անհանգստացնում է Իրանին, իսկ ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ սպառնալիք են նաև իրանական շահերին և Հյուսիս-Հարավ նախագծին։ Ադրբեջանը ցանկանում է խզել Սյունիքում հայկական լոգիստիկան, ինչը նաև Իրանին՝ Հարավային Կովկասից մեկուսացնելուն է միտված»։

Հիշեցնելով, որ Իրանն ու ՌԴ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը որակապես նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ կապերը, հեղինակները նշում են, որ ՀՀ-ն պետք է պահպանի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ, ինչպես նաև նոր լիցք հաղորդի հայ-իրանական կապերին։

«ՌԴ-ն և Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող գործոններ են, և ռուսիրանական ռազմա-քաղաքական դաշինքին անդամակցելով՝ ՀՀ-ն կարող է հզորացնել հայոց բանակի ներուժն ու տնտեսական զարգացման համար օգտագործել ռուսական և իրանական շուկաները։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում Հարավային Կովկասում թուրքական և արևմտյան դիրքերի ամրապնդումը։ ՀՀ-ն չպետք է մաս կազմի Արևմուտքի հակառուսական և հակաիրանական նախագծերի, քանի որ դա կործանարար է լինելու հայոց պետականության համար»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է զարգացնի կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ելնելով միայն հայկական ազգային ու պետական շահերից, սակայն չկորցնելով ու չհակադրվելով ավանդական դաշնակիցներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ