copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:07 10-01-2025

Ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու․ Էդգար Հարությունյան

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա։

Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու»։ Երկրորդ կամ երրորդ օրն էր, որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը (ովքեր ճոպանուղուն ծանոթ են, ասեմ, որ ճոպանուղու վերևի կայանի հետևի գագաթն է, դեպի արևմուտք)։

Այծասար լեռը գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ այդքան հոլովվող «Իրական Հայաստանի» միջազգայնորեն ընդունված սահմաններից առնվազն 15-20 կմ ներս։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել։

Հասնում էինք գագաթ, երբ Ավետս ասաց.

– Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա։

Վստահ էի, որ ոչ մի պոստ էլ չկա, բայց ուշադիր նայելուց հետո մեջս կասկած ընկավ։

Ախր ի՞նչ պոստ, քաղաքին այդքան մոտ, մեջքիս հետևում Ջերմուկն էր իր ողջ գեղեցկությամբ, ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող է դիմացս պոստ լինել։ Հասանք գագաթ, պարզվեց, որ իրականությունը շատ տարբեր է իմ պատկերացումներից։ Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է։ Ինչևէ, անտանելի շոգ էր, մի փոքր զրուցեցինք ժամկետայինների հետ, ջրի պաշարները լրացրեցինք ու իջանք քաղաք, իսկ ես մտադիր էի հաղթահարել նաև դիմացի գագաթը, բայց այն մեր հսկողության տակ չէր, ու եթե նախապես որոշեի, որ սկզբում հաղթահարելու ենք վերջին գագաթը, ապա վերոհիշյալ պոստը ձորակով շրջանցելու էինք, ու այսօր դժվար թե դուք կարդայիք այս գրառումը։

Իջնելիս երեխաներիս հրահանգեցի ոչ ոքի չպատմել տեղի ունեցածը՝ հավելյալ խուճապ չառաջացնելու համար։ Իսկ իրենք շատ էին ուզում գոնե ընկերներին պատմել։ Մի փոքր անց որոշումս փոխեցի.

– Տղերք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա։

Այն, ինչ պատմեցի, իրականում գաղտնիք չէ, ու Ջերմուկի բնակիչներն այդ մասին շատ լավ գիտեն։ Ջերմուկի կենտրոնում զբոսնելիս էլ շատ լավ երևում են թշնամու նոր դիրքերը, ու ճիշտն ասած, ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու։

Բայց դրանով հանդերձ՝ գնացեք Ջերմուկ հանգստանալու ու սուրճ խմելու, ուղղակի սարեր մի բարձրացեք»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է