copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:21 26-09-2024

Իսկ հնարավո՞ր է, որ Մակրոնի այցը Հայաստան չի կայացել Փաշինյան-Էրդողան հանդիպման պատճառով

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հնարավո՞ր է, որ Մակրոնի այցը Հայաստան չի կայացել Փաշինյան-Էրդողան հանդիպման պատճառով:

Իհարկե, Մակրոնի այցը՝ ըստ տարածված խոսակցությունների, պետք է լիներ ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-21-ին, բայց հասկանալի է, որ այդօրինակ այցերն ու հանդիպումները՝ եթե չկա շատ օպերատիվ անհրաժեշտություն, քննարկվում ու կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածով:

Հետեւաբար, որոշակի պահից Ֆրանսիան կարող էր տեղեկանալ, որ քննարկվում է նաեւ Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպման հարց: Իսկ դա անկասկած դուր չէր գալու Փարիզին: Եվ պատճառն այստեղ ամենեւին Ֆրանսիայի ու Թուրքիայի բարդ հարաբերության հարցը չէ:

Ֆրանսիան հավակնում է Կովկասում լինել Հայաստանի «հովանին»: Չեմ ուզում օգտագործել այդպիսի դեպքերում կիրառվող առավել ֆոլկլորային ձեւակերպումը: Նաեւ դրա միջոցով է Ֆրանսիան փորձում դուրս չմնալ մեծ խաղից: Եթե Մակրոնը այցելի Հայաստան, եւ, եթե այդ այցը ռեգիոնալ չէ, ապա կանի դա միայն հենց այդ հանգամանքը ընդգծելու անհրաժեշտությամբ եւ նպատակադրումով:

Հիմա պատկերացնենք, Հայաստան է այցելում Ֆրանսիայի նախագահը, իսկ մի քանի օր անց Հայաստանի վարչապետը Նյու Յորքում «Թուրքական տանը» հանդիպում է Էրդողանին: Մեկին, որը խաղում է արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Կովկասի «հովանու» հավակնությամբ:

Այլ կերպ ասած, Նյու Յորքում հանդիպումը ոչ միայն «ջրելու» էր Մակրոնի այցի էֆեկտը, այլ փաստացի լինելու էր նաեւ «ռեպուտացիոն» հարված:

Հետեւաբար, եթե իսկապես քննարկվել է Մակրոնի այց, ու դա չի եղել խոսակցություն հայկական տեղեկատվական օդում, ապա մեծ է հավանականությունը, որ այցը չի կայացել հենց Նյու Յորքի հանդիպման պատճառով:

Այդ դեպքում հետաքրքիր կլինի այն, որ Երեւանը փաստորեն չի հրաժարվել Նյու Յորքի հանդիպումից: Իհարկե սրա առնչությամբ կա հայտնի գնահատականը, որ Փաշինյանը Թուրքիայի կամակատարն է: Ինքս իրավիճակը գնահատում եմ ոչ թե այդ համատեքստում, այլ այն իրողության, որ այսօր Կովկասում խաղաղության ու պատերազմի «բանալին» Անկարայում է, եւ արդեն տարիներ: Սա իրողություն է, որը հաշվի չառնել, ըստ իս, Հայաստանը չի կարող: Այլ հարց է անշուշտ, թե Հայաստանը թե քաղաքական, թե նաեւ այսպես ասած արժանապատվային ինչ որակով է հաշվի առնում եւ աշխատում այդ հանգամանքի հետ:

Այո, դուր գա մեզ, թե ոչ, Կովկասում այդ հարցերը լուծող առանցքային խաղացողներից մեկը Թուրքիան է եւ Ֆրանսիան այսօր մոտ էլ չէ նրան իր գործուն հնարավորություններով:

Վերադառնալով Ֆրանսիային, հիշեցնեմ, որ ոչ միայն չեղավ փաստորեն Մակրոնի այց Հայաստան, այլ նաեւ կարծես թե մինչեւ հիմա չկա Մակրոնի շնորհավորանք՝ Հայաստանի անկախության տոնի առնչությամբ:

Սա վկայում է որոշակի ճգնաժամի մասին: Ընդ որում, այս իրավիճակի մասին նոր չէ, որ գրում եմ: Այստեղ նշմարվող սառը տրամադրություններին անդրադարձել եմ դեռեւս հուլիսին, երբ Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին եղավ Փաշինյան-Մակրոն հանդիպում»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում