copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:32 03-08-2024

Մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․

«10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: Սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված այս ոճրագործությունը ցեղասպանություն էր, որը տեղի ունեցավ միջազգային հանրության աչքի առջև, և որի ընթացքում թիրախավորվեցին ոչ միայն մարդկային համայնքները, այլ նաև վերջիններիս ինքնության մաս կազմող պատմամշակութային ժառանգությունը՝ ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին այդ համայնքների քաղաքակրթական ներկայության մասին վկայող սրբավայրերն ու հուշարձանները: Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այս ծանր հանցանքների մասին, և աշխարհում առաջին երկրներից էր, ով դատապարտեց եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունները՝ դրանք ճանաչելով որպես ցեղասպանություն:

Զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը կարևոր հանձնառություն է Հայաստանի համար` բարոյական մի պարտավորություն, որ բխում է մեր սեփական պատմությունից և հայ ժողովրդի վերապրած փորձառությունից: Մենք հաստատակամ ենք շարունակելու այս ուղղությամբ հետևողական ջանքերը: Դրանց դրսևորումներից են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնվող բանաձևերը, որոնցից վերջինը՝ «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ, այս տարվա ապրիլին միաձայն ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Այս բանաձևերը գործողության կոչեր են, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդմանը, որպեսզի նման հանցանքներն այլևս չկրկնվեն: Պատահական չէ, որ այս տարվա ապրիլին Հայաստանն Իրաքից հետո դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը որոշում կայացրեց օգոստոսի 3-ը պաշտոնապես հռչակել որպես եզդիների ցեղասպանության հիշատակի օր: Երևանի սրտում տեղակայված է Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը: Այս ամենն արտացոլում է մեր խորը հարգանքն ու կարեկցանքը բարեկամ եզդի ժողովրդի հանդեպ, ում զավակները Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիներ են՝ իրենց ջանքերով մեծապես նպաստելով Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:

Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին: Սինջարի եզդի բնակչության ցեղասպանությունը դատապարելով և անմեղ զոհերի հիշատակը վառ պահելով՝ մենք մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին և, իրապես, միջազգային ողջ հանրությանը, որպեսզի աշխարհում ոչ մի ժողովուրդ այլևս իր կրոնի, լեզվի, մշակույթի կամ ինքնության համար չբնաջնջվի»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել