Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 20-06-2024

Գտիր ցանկապատը․ հանելուկ՝ Փաշինյանից և ԱԱԾ-ից

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել էր Ճակատեն համայնք և հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Նա նշել էր, որ գյուղ գալու ճանապարհին մտածում էր՝ ինչպես անեն, որ այն զարգանա։

Գյուղացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին հայտնել էր, որ արոտավայրերը շատ են, սակայն կենդանիներն անցնում են սահմանն ու հետ չեն գալիս, մարդիկ ստիպված դրանց թիվը կրճատում են։

Ի պատասխան ՝ Նիկոլ Փաշինյանը լուսանկարով ցույց էր տվել, թե Ոսկեպարում ինչպես է լուծվել այդ խնդիրը։
«Եթե բարեհաջող հասնենք այստեղ, սահմանազատենք․․․Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե Ոսկեպարի հատվածում ինչ ենք անում։ Սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում։ Կովն այստեղ չի էլ կարողանա հասնել, սահմանապահներ էլ կլինեն, բայց եթե հասնի էլ, չի անցնի սահմանը»,- գյուղացիներին ասել էր Փաշինյանը։

Նշենք՝ սակայն հունիսի 19-ին հրավիրված մամուլի ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց՝ խնդրել է, որպեսզի ոսկեպարցիները գնան ու նկարեն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ոսկեպարի, Կիրանցի սահմանի երկայնքով տեղադրված փշալարերով ցանկապատերը։

«Այս պահի դրությամբ չկա։ Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն հնարավոր բոլոր ծայրերից։ Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ»,- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։ Նա նշեց, որ այս պահին արձակուրդում է և մեզ հուզող հարցի համար չի կարող պարզաբանում խնդրել այլ գերատեսչություններից։

«Ես կարող եմ մեկնաբանել այն, ինչ պարոն վարչապետն է ասում։ Եվ այդ նյութերը հրապարակված են։ Ամեն դեպքում, եթե պարոն վարչապետը ինչ-որ բան նշել է՝ ուրեմն դրա իսկությունը հաստատ է»,- ասաց նա։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ։ Նա մեզ հորդորեց պատասխանի համար զանգահարել ԱԱԾ կամ գրավոր հարցում ուղարկել։
«Ես չեմ տիրապետում, որովհետև դա ԱԱԾ-ի գործառույթն է»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ վարչապետը ստում է կամ տեղյակ չէ։ Կամ գուցե փշալարերով ցանկապատը տեղադրվել է միայն մի փոքր հատվածում լուսանկարի համար՝ Խաչատրյանը հերքեց․
«Իհարկե ո՛չ»։
Խաչատրյանի պնդմամբ՝ շարքային քաղաքացին իրավունք չունի մոտենալ հենց սահմանագծին։

Oragir.News-ի դիտարկմանը՝ արդյո՞ք փշալարերով ցանկապատերը այնքան փոքր են, որ անտեսանելի են տեղի բնակիչների համար, Խաչատրյանը կրկին հորդորեց զանգահարել ԱԱԾ։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ԱԱԾ մամուլի ծառայություն, սակայն, աշխատակիցը զարմացած հարցրեց, ո՞վ է Կառավարությունից խնդրել՝ պարզաբանում ստանալ ԱԱԾ-ից, ապա փոխանցեց որ կփորձի ճշտել, թե արդյո՞ք ԱԱԾ-ի գործառույթն է այդ հարցին պատասխանելը։
«Ես ուզում եմ հասկանալ, ո՞վ է Կառավարությունից ուղղորդել զանգել ԱԱԾ։ Ինչու՞ պետք է ԱԱԾ-ն այդ հարցին պատասխանի։ Կփորձեմ ճշտել և զանգել»,-ասաց նա։

Ավելի ուշ ԱԱԾ մամուլի ծառայության աշխատակից կապ հաստատեց մեզ հետ և խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի