copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:09 12-05-2024

Հրեշտակների ցնծության օրը. Երկրորդ Ծաղկազարդ

Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հաջորդող չորրորդ օրը՝ կիրակի, նշում է Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների ցնծության օրը: Եթե Ծաղկազարդին հիշատակվում է Տիրոջ մուտքը Երուսաղեմ, Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Տիրոջ մուտքը Վերին՝ Երկնային Երուսաղեմ, գրում է Qahana.am-ը:

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը նշում է. «Ինչպես երկրային Երուսաղեմում բնակիչները դիմավորեցին Փրկչին, այդպես էլ երկնային Երուսաղեմում, այնտեղի բնակիչները՝ հրեշտակները, դիմավորում էին Աստծուն»:

Տոնը Հինանց շրջանի յոթ կիրակիներից վերջինն է, որին հաջորդում է Հոգեգալուստը։ Հինունքի առաջին քառասուն օրերը հիշատակում են Հիսուսի՝ Հարությունից հետո աշակերտների հետ անցկացրած ժամանակը, Համբարձումից մինչև Հոգեգալուստ ձգվող օրերը Համբարձման տոնական շրջանում են:

Ըստ ավանդության…

Ըստ ավանդության` Քրիստոս համբարձվելու ժամանակ անցավ հրեշտակաց 9 դասերով՝ ամեն դասում մեկ օր հանգստանալով, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը:

«Ո՞վ է փառքի այս Թագավորը.

Իր զորությամբ հզոր Տերը,

Պատերազմի մեջ հզոր Տերը։

Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները.

Թող բացվեն դարպասները,

Եվ ներս մտնի փառքի Թագավորը» (Սաղմոս 23:8-9):

Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքից է: Նշված է, որ երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին:

Տեր Հուսիկը ներկայացնում է տոնի հիմքում ընկած ավանդությունը.

«Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում էր, նրան ամեն օր մի հրեշտակ էր գալիս այցի։ Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չի գալիս, երբ հաջորդ օրը Լուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակն ասում է, որ Քրիստոսի Համբարձման առիթով հրեշտակների ինը դասերը կազմակերպել էին տոնախմբություն: Այդ օրը եղել է չորրորդ դասի տոնախմբության օրը»:

Պատրա՞ստ ենք դիմավորելու Տիրոջը

Հիսուս Քրիստոսի պատմությունը սկսվեց երկնքից ու հետագայում շարունակվեց երկնքում։ Նա եկավ ծառայելու, բայց Նրան խաչեցին: Աստծո Որդին հարություն առավ ու համբարձվեց երկինք՝ հաղթելով չարին: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումն ու հավատացյալներին հույս պարգևում՝ մահվանից հետո երկնքում երանությամբ ապրելու:

Տեր Հուսիկը, մեկնաբանելով օրվա խորհուրդը, նշում է երկնքի ու երկրի միջև կապի մասին:

«Ինչպես երկնային դասերն են փառավորում Տիրոջը, այդպես էլ մենք ուրախացանք՝ Ծաղկազարդին փառավորելով Տիրոջը՝ մեր փրկության համար: Այդ փրկությունը մեզ պետք է Երկինքը ժառանգելու համար: Այսօր մեր երկրային կյանքում կատարվող գործերով, Երկնքում մեզ համար գանձեր ենք դիզում»,- ընդգծում է հոգևորականը։

Քահանան խորհուրդ է տալիս մտածել Տիրոջ Գալստյան նաև անհատապես յուրաքանչյուրիս հոգում Տիրոջ մուտքի մասին: Հիշեցնում է աստվածաշնչյան խոսքը. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտնություն 3:20):

Հավելում է՝ ամեն մեկն իր մոտեցմամբ, իր արարքներով պետք է հյուրընկալի Աստծուն:

«Տերը պատրաստ է մուտք գործել յուրաքանչյուրիս սրտի Երուսաղեմ: Արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունելու, դիմավորո՞ւմ ենք Տիրոջն այնպես, ինչպես դիմավորեցին երկնային Երուսաղեմի բնակիչները: Սա էլ մեր անհատական, հոգևոր ծաղկազարդը պետք է լինի»,- նշում է քահանան:

Երկրորդ Ծաղկազարդին եկեղեցիներում կմատուցվի տոնական Պատարագ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը