Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 05-04-2024

Ցեղասպանության վտանգը նպաստելու է սպառազինության մատակարարումների աճին  

ՀՀ-ի դեմ ռուս-ադրբեջանական ագրեսիա կանխատեսող միջազգային փորձագետներին միացավ նաև Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որը երրորդ անգամ է հայտարարում կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։ Ու՞մ է ուղղված Լեմկինի ինստիտուտի ահազանգը, ի՞նչ հետևանք կունենա, և ի՞նչ կարող է անել ՀՀ-ն այն կանխարգելելու ուղղությամբ:

Միջազգային անվտանգության տեսանկյունից՝ ցեղասպանության վտանգի մասին ահազանգն ավելի մեծ սպառնալիք է, քան Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ռուս-ադրբեջանական հավակնոտ նկրտումները, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Եվ Լեմկինի ինստիտուտի այս ահազանգը կարող է ավելի շատ երկրների ուշադրությունը սևեռել ադրբեջանական հավանական ագրեսիայի վրա: Մասնավորապես՝ եթե մինչ հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են փորձում զսպել Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները, ապա այս ահազանգից հետո, հնարավոր է՝ նրանց միանան ոչ միայն եվրոպական ժողովրդավարական երկրներն, այլև մյուս մայրցամաքների մեր բարեկամ ազգերը: Օրինակ՝ Լատինական ամերիկայի երկրները, Արգենտինան, Ուրուգվայը, որտեղ մի քանի շաբաթ առաջ պաշտոնական այցելություններ էր կազմակերպել ՀՀ ԱԳ նախարարը, ևս կարող են հայանպաստ որոշումներ ընդունեն և ընդլայնեն Հայաստանի հետ գործընկերությունը:

Ավելին՝ չի բացառվում, որ միջազգային բանաձևեր կընդունվեն, որոնցով հրապարակավ կզգուշացնեն, որ միջազգային պատժամիջոցներ են կիրառելու, եթե Բաքուն Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծի: Հաշվի առնելով Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու հանգամանքը, հնարավոր է նաև ցեղասպանություն իրականացնելու մտադրություն ունենալու մեղադրանք կներկայացնեն ու քրեական գործեր կհարուցեն Բաքվի դեմ: Այս ամենը, գուցե, կսթափեցնի մեր ագրեսիվ հարևանին և նրա հավակնոտ դաշնակիցներին:

Լավ կլինի նաև, որ հայկական իրավապաշտպան կազմակերպությունները, Հայ Դատի հանձնախմբերը քննարկումներ, սեմինարներ համաժողովներ կազմակերպեն այս թեմայով, հնարավորինս մեծ լսարանի ուշադրությունը սևեռելով այս սպառանիլիքին: Դրա ակնկալվող արդյունքը կարող է լինել այն, որ միջազգային այլ կազմակերպություններ ևս հայանպաստ զեկույցներ կպատրաստեն:

Իսկ Հայաստանն այս հայտարարությանը կարող է պաշտոնապես չարձագանքել, քանի որ ՀՀ իշխանությունները նախաձեռնում են դիվերսիֆիկացման քայլեր, սպառազինություն են ստանում, միջազգային պայմանավորվածություններ են ձեռք բերում անվտանգային և պաշտպանական ոլորտներում: Դրանք օրեցօր մեծացնում են ՀՀ պաշպանունակությունն ու դիմակայունությունը, որպեսզի արտաքին ագրեսիայի պարագայում արդյունավետ պաշտպանություն կազմակերպենք և համարժեք դիմադրություն ցույց տանք: Հետևապես՝ այսօր իշխանությունը կարող է չխոսել գոյաբանական վտանգի մասին: Բայց կարող է Լեմկինի ինստիտուտի ահազանգը վերահասցեագրել միջազգային կառույցներին և գործընկերներին, խնդրելով ավելի մեծացնել ռազմաքաղաքական աջակցությունը, սպառազինության մատակարարումները, Հայաստանի տնտեսությանն ու բանակին նախատեսվող աջակցությունը:

Այս առումով՝ ենթադրելի է, որ Լեմկինի ինստիտուտի ահազանգը կապ ունի ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման հետ: Պարզ ասած՝ միջազգային հեղինակավոր ինստիտուտը տրամադրում է ևս մեկ զեկույց, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են հավելյալ հիմնավորել, թե ինչու են մեծացնում Հայաստանին ուղղվող աջակցությունը, ինչ նշանակություն ունի Հայաստանին օժանդակելը միջազգային անվտանգության, մարդկության դեմ նախապատրաստվող հանցագործությունը կանխելու տեսանկյունից:

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել