Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:19 11-01-2024

Դրական եզրակացություն՝ զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը: Նախագծի հեղինակը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության գործընկերների առաջարկներն աշխատանքային կարգով քննարկվել եւ մեծամասամբ ընդունվել են, իսկ առարկությունների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ չբացառելով հետօրենսդրական վերահսկողության շրջանում նոր փոփոխությունների հավանականությունը: Նա, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության կիրարկումը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվել էր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն. նախագծի հեղինակի հետ առաջարկն իրացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ առաջարկվել է օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովելու նպատակով զենքի կանոնների որոշակի փոփոխության հարցն առանձին քննարկել:

Օրենսդիրն ու Կառավարությունը փոխհամաձայնության են եկել օրենքի 37-րդ հոդվածի հարցում. առաջարկվում է զենքով պարգեւատրված անձանց մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների առկայության դեպքում որպես պարգեւ տրված զենքը մալելու եւ նշված անձանց վերադարձնելու մասին կարգավորումներ նախատեսել: Կառավարությունն առաջարկել է նաեւ ձեռնպահ մնալ Քրեական օրենսգրքում որեւէ փոփոխություն կատարելուց:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կարեւորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության գործընկերներին ինքնաձիգով ապահովելուն վերաբերող օրենսդրական դրույթի ներառումը: Նա առաջարկել է նախագծում ամրագրել բացառություն, որով քննիչներն իրավունք կունենան կրելու մարտական նշանակության բացառապես ատրճանակ:

Արփինե Սարգսյանը, շեշտելով, որ Արսեն Այվազյանի դիտարկումները լիովին ընդունելի եւ օբյեկտիվ են, նշել է, որ երեք հիմնադրութային սկզբունքների՝ մարդու իրավունքների, գործող քաղաքականության, տարածաշրջանային գործող կանոնների հենքով է, որ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող վերոնշյալ փոփոխությունից:

«Հասկանում եմ, որ ունենք զենքեր, որոնց հետ կապված առկա են խնդրահարույց իրավիճակներ: Կառավարության առաջարկը հետեւյալն է. քանի դեռ ծառայողական զենքը տարածաշրջանում պահպանվում է, իսկ ԵԱՏՄ կանոնակարգերով այդ զենքերը կան, եւ մենք մեր օրենսդրությամբ պետք է պահպանենք կանոնները»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը:

Պատգամավորները մտքեր են փոխանակել ծառայողական, մարտական զենքերի տարբերության, կիրառման, փոխարինման հարցերի վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնութունը ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից