copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:30 17-11-2023

Սուտ է. Արցախի պետական ինստիտուտների պահպանումը չի սպառնում ՀՀ անվտանգությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայից հետո, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց, իսկ տեղի ավելի քան 100 հազար մեր հայրենակիցները ստիպված եղան տեղափոխվել Հայաստան, ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք Արցախի կառավարությունը և պետական ինստիտուները ՀՀ-ում պե՞տք է շարունակեն իրենց գործունեությունը, թե՞ ոչ։

Շատ փորձագետներ պնդում են, որ Արցախի պետական ինստիտուտների և վտարանդի կառավարության պահպանումը հետագայում որևէ հայանպաստ լուծման հասնելու հնարավորություն կտա։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները հանրության շրջանում փորձում են տարածել այն թեզը, թե, իբր Հայաստանի տարածքում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունն անընդունելի է և սպառնում է երկրի անվտանգության, քանի որ այն Ադրբեջանին ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա իրականացնելու լեգիտիմ իրավունք կընձեռնի։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի իշխանությունների պահպանումը ուղիղ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Նա ընդգծեց, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումն Ադրբեջանի կողմից ոչ մի այլ բանի չի կարող հանգեցնել, բացի լրատվական քաոսից։

«Առավելագույնը կարող են տեղեկատվական բնույթի սպառնալիքներ լինեն, սակայն կոնկրետ դրա պատճառով ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիքներ չեն կարող լինել»,- ասաց նա։

Միջազգայնագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ տվյալ դեպքում Ադրբեջանն Արցախի հարցը լուծված է համարում, իսկ այս պահին Արցախի տարածքում փաստացի հայկական պետականությունն այլևս գոյություն չունի։ Նա նշում է, որ Բաքուն իր առջև դրված խնդիրը համարում է լուծված և այս պատրվակով ՀՀ-ի նկատմամբ իր ագրեսիան չի կարող լեգիտիմացնել․ «Հետևաբար այս նույն տրամաբանության շրջանակներում եթե Երևանում, կամ Հայաստանի որևէ այլ մարզում Արցախի անունով մշակույթի տուն էլ լինի, ապա դա պետք է դիտարկենք անվտանգային խնդիր, և Արցախ անվանմամբ անգամ մշակութային խմբակներ չգործեն։ Ես այս տրամաբանությանը կողմնակից չեմ»։

Հարցին, թե իշխանություններն ի՞նչ նպատակներ են հետապնդում՝ հասարակության շրջանում այդ թեզը տարածելով, Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ իր համոզմամբ փորձում են մաքսիմալ կերպով այնպես անել, որ այլևս չարծարծվի Արցախ անվանումը, հասարակությունն այդ խնդիրը ընկալի որպես լուծված և ավարտված, որի մասին խոսելն անիմաստ է, մտածի, որ պետք է նայել առաջ և զբաղվել Հայաստանի խնդիրների լուծմամբ և այլն։ Նա ընդգծեց, որ այս պատճառով իշխանությունների համար ցանկացած հարթության մեջ Արցախի անունը կիրառելը, որևէ գործունեություն ծավալելը գլխացավանք է։

«Դրա համար էլ իրենք այժմ իրենց փորձում են ձերբազատել որոշակի պարտավորություններից, ինչպես նաև ամեն գնով ձգտում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել։ Ադրբեջանը խոսում է իր առավելապաշտական նկրտումներից, իսկ մենք ի պատասխան խոսում ենք խաղաղությունից։ Հետևաբար իշխանությունները ձգտում են որևէ ավելորդ բան չասել, նույնիսկ Երևանում կաշկանդվում են Արցախ բառն արտաբերելուց, ներողություն են խնդրում և այլն։ Սա խոսուն վկայություն է այն մասին, որ իրենք փորձում են ձերբազատվել Արցախի հանդեպ ունեցած պարտավորություններից»,- կարծում է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից արևմտյան հարթակներում ընթացող բանակցություններից հրաժարմանը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ այդ երկիրը անում է՝ Դավիթ Կարապետյանը նշեց, որ մասնավորապես նոյեմբերի 20-ին ԱԳ նախարների մակարդակով կայանալիք հանդիպումից հրաժարումը պայմանավորված է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի վերջին հայտարարություններով, սակայն դա պարզապես պատրվակ է։ Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանն՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, հավաքական արևմուտքից կորզել է առավելագույնը։ «Այս պահին նա կարծում է, որ հասել է իր ցանկալիին, արևմտյան հարթակներում այլևս անելիք չունի, ուստի նրա ֆիզիկական ներկայությունն անիմաստ է»,- ասաց նա։

Միջազգայնագետը հավելեց, որ նման կոնֆլիկտները մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ չեն լուծվում, և Ալիևն այս պահին նպատակահարմար է գտնում իր հարցերը լուծել Մոսկվայում՝ անմիջապես այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցությամբ։ Նա կարծում է, որ այս պարագայում Ալիևի քաղաքականությունը միտված է Մոսկվայի միջնորդությամբ՝ պաշտոնական Կրեմլի հետ համագործակցության արդյունքում լուծել այն խնդիրները, որոնք առ այս պահը չի կարողացել լուծել, կամ կարողացել է լուծել այնքանով, որքանով արևմտյան հարթակներում կարողացել է լուծել և վերջակետ դնել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել