Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 14-11-2023

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ ելույթով։ Ելույթի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը: Այդ հավակնությունները դրսևորվում են մի քանի մակարդակներում:

Առաջին, Ադրբեջանի առաջնային պահանջը՝ հայտնի 8 գյուղերի, այսպես կոչված, անկլավների հանձնումն է, որը նրա ամենօրյա խոսույթի առանցքային մասն է դարձել: Հայաստանի իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում, Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի շրջանակներում, այլ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում:

Երկրորդ, Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցված օրակարգի պայմաններում, Ադրբեջանը նպատակ ունի սահմանների ճշգրտման թեմայից դուրս բերել ՀՀ այն տարածքները, որոնք օկուպացրել է 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կութական և այլն: Ավելին՝ Ադրբեջանը չտեսնելու/չլսելու է տալիս ՀՀ այն տարածքների հարցը, որը նրա վերահսկողության տակ է անցել առաջին պատերազմի ժամանակ:

Երրորդ, բացի այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի հստակեցնում իր պաշտոնական դիրքորոշումը դեմարկացիա/դելիմիտացիայի գործընթացի հիմքում եղած սկզբունքների վերաբերյալ և անորոշ նշում, որ դրանք պետք է լինեն տարբեր քարտեզների ու պատմական արդարության հիման վրա, հասկանալի է, որ սրա անվան տակ Ադրբեջանը փորձելու է իրացնել իր մյուս տարածքային հավակնությունները:

Կարճ ասած, այն ինչ Հայաստանի իշխանությունը անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում դա ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի դեմ տրվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է: Հայաստանի իշխանության՝ արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել է նրան, որ 2019 թվականին հռչակած՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է՝ «նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով:

Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը մարդկային և տարածքային կորուստներ է արձանագրում. սա, ի դեպ, ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը: Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի, որովհետև այդ մոտեցումը միջազգային դերակատարների անարգանքին ու լռությանն է բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին՝ գործելու լայն դաշտ բացում:»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»