copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:58 07-10-2023

Ժաննա Անդրեասյանը Գորիսում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված աշակերտների հետ

Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարների, մանկավարժների ու աշակերտների հետ:

«Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց ու խորին շնորհակալություն եմ հայտնում այն անձնվեր, սրտացավ աշխատանքի համար, որ կատարել եք: Այս օրերին հեշտ չի եղել ոչ մեկիս համար, բայց գիտեմ, որ ձեզ համար առանձնակի բարդ է եղել, քանի որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց ծանր հույզերը առաջինը սփոփել են ձեզնով: Շատերդ ժամանակ չեք ունեցել մտածելու սեփական զգացողությունների մասին, այլ առաջին հերթին զբաղվել եք հայրենիքը, տունն ու տեղը կորցրած մարդկանց օգնելով: Մեր հայրենակիցներն այստեղ են հասել տասը ամսվա շրջափակումից, սարսափներից ու զրկանքներից հետո և շատ կարևոր էր, որ Հայաստանում առաջինը հանդիպել են գորիսեցիների հոգատարությանն ու աջակցությանը»,- Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ընդգծելով, որ այդ օրերին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերածվել էր տեղահանվածների ընդունման կայանի՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծածավալ աշխատանքը, որ այդ օրերին արվել է տեղի կրթական և մշակութային համակարգի ներուժով. «Գիտեմ, որ դպրոցների գրեթե բոլոր աշակերտները, ուսուցիչները, տնօրեններն ու մյուս աշխատողները ներգրավված են եղել կամավորական աշխատանքներում: Ունենք դպրոց, որտեղ ապահովվել է մեր հայրենակիցների գիշերակացը, մեկ այլ դպրոց ծառայում էր որպես պահեստ: Այս օրերին մենք տեսել ենք, թե ինչպես է կրթական համակարգը պետության համար հավելյալ խնդիրներ լուծում, որը շատ կարևոր է որպես փաստ և արժանի է մեծ գնահատանքի: Բոլորդ առանձին-առանձին շատ մեծ աշխատանք եք կատարել, ինչի համար շնորհակալ եմ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին և թե՛ կրթական հաստատություններին»,- շեշտել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ աշխատանքները դեռ ավարտված չեն:

Նախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն արդեն հաստատվել են Սյունիքի մարզում և առաջիկայում մեծ աշխատանքներ պետք է տարվեն՝ երեխաներին պարտադիր կրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ. «Շատ մեծ գործ եք արել ու շարունակելու եք անել՝ երեխաների ինտեգրումը սահուն կազմակերպելու, ջերմություն ու հոգատարություն տալու առումով: Ցավոք, մեր դժվար օրերը չեն անցել, բայց դուք այս օրերին ցույց տվեցիք, որ մենք որպես մեկ միասնական թիմ, մեկ միասնական հասարակություն ու պետություն կարողանում ենք դիմակայել այսպիսի ճգնաժամային իրավիճակներին»:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հաջորդիվ Գորիսի պետական դրամատիկական թատրոն այցելելու առիթը միայն պրեմիերաների ու ներկայացումների դիտումները կլինեն:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև թատրոնի ողջ անձնակազմին՝ աջակցման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունենալու համար:

Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է նաև Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նշված դպրոցներ հաճախող ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներին, զրուցել նրանց հետ: Նախարարը հույս է հայտնել, որ սրտացավ մանկավարժների ու սովորողների շնորհիվ երեխաներն արագ կինտեգրվեն նոր միջավայրին, ձեռք կբերեն ընկերներ:

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 50 աշակերտ է ընդգրկվել:

Նրանք բոլորն էլ ստացել են անվճար դասագրքեր, գրենական պիտույքներ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը