copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:12 19-05-2023

ԲՏԱ նախարարը մասնակցել է Հայաստանի թվային փոխակերպման հեռանկարներին նվիրված «Երևան Թեք Ֆորում 2023»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ մեկնարկած «Երևան Թեք Ֆորում 2023» (Yerevan Tech Forum 2K23) բիզնես միջոցառմանը: Այս տարի Ֆորումն անցկացվում է «Թվային փոխակերպում. Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրի ներքո:

Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ռոբերտ Խաչատրյանը բացման ելույթում խոսել է արդի աշխարհում տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացման կարևորության մասին և շեշտել, որ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա բարձրորակ, մատչելի, հասանելի ու հուսալի ծառայությունների ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:Նախարարի խոսքով՝ Հայաստանի 2021-2025թթ. թվայնացման ռազմավարության ընդունումն այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն ձեռքբերումներից է։

«Ինչպես գիտենք, մեր օրերում առավել քան կարևորվում է տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացումը, և ֆորումի շրջանակում անցկացվող քննարկումները, համոզված եմ, կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ ու հնարավորություններ:

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ Հայաստանի թվայնացման զարգացման և ոլորտի կայացմանն ուղղված քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է այս գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքից: Եվ հուսով եմ, որ «Երևան Թեք Ֆորում»-ի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք ոլորտի առաջընթացի նոր ուղիներ՝ Հայաստանն իրապես տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար», – ասել է նախարարը:

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանք կիրառելու ուղեցույց: Ստեղծվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը: Ավարտին է մոտենում թվային նույնականացման համակարգի (eID) բարեփոխումների գործընթացը։ Մշակման փուլում են գտնվում կիբեռանվտանգության և տվյալների քաղաքականությունների ձևավորման հայեցակարգերը:

Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը, Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ինչպես նաև Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քևին Գասքելը։

Պաշտոնական ելույթներին հաջորդել են թեմատիկ պանելային քննարկումները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ֆորումի շրջանակներում մասնակցել է «Հանրային հատվածի թվային փոխակերպում․ կառուցելով կայուն ապագա» թեմայով պանելային քննարկմանը՝ խոսելով թվային աշխարհակարգում Հայաստանի դերակատարման և թվային փոխակերպման միջոցով ազգային մրցունակության բարձրացման կարևության մասին:

«Երևան Թեք Ֆորում»-ը փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ