Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:16 29-04-2023

Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Բերդի տարածաշրջանի Քոլագիրի ճամբար տանող 2 կմ եկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 281,000,000 դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից:

Իսկ Բերդի Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են տուֆով և բազալտով սալարկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 287 մլն դրամ է, այդ թվում՝ պետբյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 200 մլն 900 հազար դրամ։

Բերդ համայնքում կառուցվել է նաև Չորաթանի մարզադաշտը և վերանորոգվել Մխիթարյան երիտասարդական կենտրոնը: Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի՝ 80% և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի՝ 20% միջոցներով:

Կառավարության ղեկավարը եղել է նորակառույց մարզադաշտում, երիտասարդական կենտրոնում: Այստեղ երեխաների համար կազմակերպվում են նկարչության, արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարզաձևերի խմբակներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարություն-համայնք-գործարար համայնք արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ մարզում ապահովվում է ակտիվ մշակութային և մարզական կյանք: Ըստ վարչապետի՝ դրա շնորհիվ էլ այցերն ավելի են արժևորվում և ավելի կարևոր են դառնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել, որպեսզի կառավարության աջակցությամբ կառուցվեն մարզադաշտի հանդերձարանները, իսկ կենտրոնը համալրվի անհրաժեշտ տեխնիկայով:

«Հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ այս մթնոլորտի և այս տրամադրության համար: Շնորհակալ եմ, որ Չորաթան գյուղում այսպես լավ կազմակերպված է կյանքը, և երեխանները բացի դպրոցական կրթությունից, ունեն նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, և դա շատ ողջունելի է: Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել: Նաև մարզական, մշակութային շատ ակտիվ կյանք կա, այսօր էլ մարզադաշտը բացվեց: Առաջիկայում հույս ունենք նաև այլ մարզական ենթակառուցվածքներ կստեղծվեն, նաև համակարգչային, արհեստագործական բոլոր ուղղություններով, և դա շատ ուրախալի է: Եվ մեր արձանագրումը հետևյալն է՝ այս երեխաները, ինչպես նրանց ծնողներն այստեղ ապրում են և պետք է այստեղ ապրեն, և մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխանները, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, նույնպիսի կրթության և կարիերայի հնարավորություն ունենան, ինչպես, օրինակ, ունենում են Երևանում կամ արտերկրում: Հիմա 21-րդ դարն այդ հնարավորությունը տալիս է, կարելի է շատ մեծ հաջողությունների հասնել գիտության, մշակույթի ոլորտներում, բայց նաև ապրել քո ծննդավայրում, քո մարզում, քո հայրենիքում:

Եվ այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ և նաև հույս ունեմ, որ մենք այստեղ տեսնում ենք ապագա չեմպիոնների, տեսնում ենք շատ հայտնի նկարիչների, տեսնում ենք շատ հաջողակ մշակութային խմբեր: Մենք պետք է այդ կյանքի տրամաբանությունն ամեն օր, ամեն ժամ զարգացնենք»,-ասել է վարչապետը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Բերդի Հերոսների պուրակ, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 44,294,000 դրամ, որից 24,361,700 դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Վարչապետը ծանոթացել է նաև Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ դրամ է: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և նախատեսված է ավարտել 2024 թ.-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել