copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:02 28-11-2022

Վարչապետին ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախարարությունների և գերատեսչությունների 2022թ. գործունեության արդյունքներն ամփոփելու շրջանակում այսօր մենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ենք: Ճիշտ է, տարին օրացույցային դեռ չի ավարտվել, բայց, ըստ էության, մենք այսօր կարող ենք ամփոփել արդյունքները, որովհետև այն՝ ինչ պետք է առաջիկա ամսվա ընթացքում տեղի ունենա, արդեն պետք է պլանավորված և ընթացքի մեջ լինի»:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախ ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել տարբեր ոլորտները համակարգող փոխնախարարներին:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական և բացասական ցուցանիշներին:

Հաջորդիվ ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ, օժանդակություն է ցուցաբերվում վերջիններիս հետագա գործունեությանն ու շուկա մուտք գործելուն:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր՝ ընդգծելով բյուջեի կատարողականի բարձր մակարդակի ապահովման, հանրության շրջանում ծրագրի վերաբերյալ առավել լայն իրազեկում իրականացնելու և շահառուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ ՏՏ մի շարք ընկերություններ Բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացքիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի:

Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Հայփոստի գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նոր բաժանմունքների ստեղծմանը:

Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Նախատեսվում է մինչև 2026 թվականը մեր երկրի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:

Վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը: Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:
Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը

Ձեզ գուցե հետաքրքրի