Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:41 13-09-2022

Համահայկական ու համաժողովրդային դիմադրություն Ադրբեջանի բարբարոսությունների դեմ. Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա շարունակուող յարձակումներով Ազրպէյճան կը փորձէ ինքնիշխան ու խաղաղ ապրելու մեր ժողովուրդին իրաւունքը խլել:

Երբ անտեսելով միջազգային օրէնքը, թէ՛ պատերազմի եւ թէ՛ զինադադարի շրջանին, կը փորձէ դիմել անմարդկային ու անարգ միջոցներու:

Երբ արհամարհելով քաղաքական բանակցութիւնները, կը փորձէ զէնքի ուժով ինքզինք պարտադրել:

Երբ իր անպատասխանատու մօտեցումով, յարձակողապաշտ ոճով եւ բիրտ միջոցներով կը փորձէ իր տեսակէտները պարտադրել նոյնիսկ միջազգային համայնքին...:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ անմեղ զոհերով ու պատերազմական գերիներով հպարտացող ներկայ ժամանակներու ցեղասպանին շարունակուող ոճիրը:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը բիրտ ուժի գործածութեամբ վտանգող Ազրպէյճանի նկրտումները:

Ո՛չ, կարելի չէ ոչ-քաղաքակիրթ միջոցներով մեր ժողովուրդի արժանապատուութիւնը վիրաւորող պետութեան մը անպատասխանատու վերաբերումը:

Արդ, Հայաստանի հանրապետութեան հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը վտանգող ճակատագրական այս կացութեան դիմաց՝

Անհրաժեշտ է դուռը թակել բոլոր բարեկամ եւ ոչ-բարեկամ երկիրներուն, մօտաւոր եւ հեռաւոր ղեկավարներուն, շրջանային թէ միջազգային կազմակերպութիւններուն:

Անհրաժեշտ է իրաւական միջոցներով անպատժելիութեան քողը վար առնել Ազրպէյճանի վրայէն:

Անհրաժեշտ է հայոց բանակի կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութեան զանգը հնչեցնել: Սա մեր ժողովուրդին արդար իրաւունքն է: Իր գոյութիւնը, անկախութիւնը, անվտանգութիւնը պահելու կոչուած ժողովուրդի մը հաւաքական դիմադրութիւնը մարդկային իրաւունքներուն անբաժան մասը կը կազմէ:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ Հայաստանի ու Արցախի կողքին իր դիմաց կը գտնուի նա՛եւ Սփիւռքը, մեր ո՛ղջ ժողովուրդը՝ իր ամբողջ կարողականութեամբ. հետեւաբար ան չի կրնար մեր ժողովուրդին հաւաքական կամքը ընկճել:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ մեր ժողովուրդի հին ասացուածքին համաձայն «որ ո՛չ լուիցէ բանիւ, լուիցէ գանիւ» (ան որ խօսքով չի հասկնար, գաւազանով միայն կը հասկնայ):

Փաստօրէն ներկայ քաղաքակիրթ աշխարհին մէջ Ազրպէյճանը խօսքի լեզուէն չ'ուզեր հասկնալ: Հետեւաբար, անոր հետ հարկ է խօսիլ գաւազանի լեզուով՝ դիմելով համաժողովրդային դիմադրութեան բոլոր միջոցներով, բոլոր մարզերէն ներս ու բոլոր մակարդակներու վրայ:

Հարկ է դիմել համահայկական դիմադրութեան ամրապնդելով մեր ներքին միասնականութիւնը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք ղեկավարներու շուտափոյթ ու միատեղ հանդիպումով եւ մեր ողջ ազգին մարդուժին ու ներուժին համախմբումով»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից