Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:04 28-06-2022

Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում

Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի:

Կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը հանդես է եկել ելույթով: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Երևան-Մարսել գործակցության 30-ամյակը տոնելու համար՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ երկուստեք հարաբերությունների ողջ ընթացքը նշանավորվել է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե այլ բնագավառներում:

«Ինձ համար մեծ պատիվ է այս օրը լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 30-րդ տարեդարձը: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, այդ թվում նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում՝ ի շահ մեր երկու բարեկամ քաղաքների բնակիչների: Համաճարակային և պատերազմական շրջանում, երբ դժվար ժամանկաշրջան էր մեզ բոլորիս համար, Մարսել քաղաքը Երևանի կողքին էր: Մարսելից մեծածավալ և խիստ անհրաժեշտ մարդասիրական բժշկական օգնություն ուղարկվեց Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին, որի համար շնորհակալություն ենք հայտնում: Շնորհակալություն եմ հայտնում նաև Մարսել քաղաքի կողմից քաղաքային խորհրդի նիստին ներկայացված Արցախի անկախության ճանաչման բանաձևի համար: Բազմիցս նշվել է և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ Ֆրանսիական քաղաքներից Մարսելն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում. այն ֆրանսիական առաջին քաղաքն էր, որ ընդունեց Մեծ Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին` նրանց համար դառնալով երկրորդ Հայրենիք»,- իր ելույթում նշել է Երևանի քաղաքապետը:

Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերն էլ ավելի ամրապնդելն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար և համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին գործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ:

«Քաղաքապետի հետ մենք շատ հաճախ ենք արծարծում այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանին և, մասնավորապես, Երևանին, և այդ մոտեցումն ու ընկալումը արդեն իսկ արտացոլում են, թե որքան ենք մենք հետամուտ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում և որքանով է Երևանը մեր սրտում: Ակնհայտ է, որ այս գործակցությունը պետք է լինի շատ երկարատև, և, վստահ եմ, որ հաջորդ հանդիպումը կլինի Երևանում, երբ ես Մարսելի քաղաքապետի հետ կայցելեմ Երևան»,- նշել է Յանիք Օանիսյանը:

Երևանի քաղաքապետը զրուցել է նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական այժմյան բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի և, մասնավորապես, Մարսելի հայ համայնքի ներդրումը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել