copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:39 23-04-2022

Իսկ մենք, ինչպես միշտ, հետո ենք ասելու, որ կրկին հիմար էինք կամ հիմարացանք դարձյալ

Ադրբեջանը հրապարակել է իր տարածքների նոր քարտեզը, որտեղ ոչ միայն Արցախն է ընդգրկված, այլև Սյունիքը: Այդ երկրում Հայաստանի ծարավից տոչորվածները լոթիաբար բլթացնում են, թե աշխարհի ադրբեջանցիների հաջորդ հավաքը լինելու է Թավրիզում և Երևանում՝ հինգ տարուց: Ւսկ այս հավաքի ժամանակ, որ մեր բերդաքաղաք Շուշիում է տեղի ունենում, Բաքվի բռնապետը հայտարարում է՝ ծաղրածուի իր կերպարին որքան հնարավոր է լրջություն հաղորդելով, որ ոչ միայն Արցախն ու Սյունիքը, նաև Երևանն է իրենցը: Որ հայերը քոչվոր են և ընդամենը հարյուր տարի առաջ են եկել այդ տարածքներ: Կրկեսի նույն ծաղրածուի ծղրտացող ձայնով, որը ոչ կարողանում է կեղծել, ոչ էլ լրջացնել, հորդորում է հավաքվածներին, որ գնան և աշխարհում հենց այդպես էլ տարածեն: Եվ մեկը չկա մեր մեջ, որ ասի՝ այ մալ, իսկ միչ այդ մենք որտե՞ղ էինք, որտե՞ղ էր ծովից ծով Հայաստանը և դրանից առաջն ու հետոն՝ Արշակունիները, Բագրատունիները, Կիլիկիան և այլն: Մեր գիրը չէ, օտարի գիրը կարդա մեր մասին և փոխանցիր Շուշիում մակաղած քո բառաններին:

Իրականում մեղքը մերն է, մենք բաց ենք թողնում, իսկ այդ դատարկը օտարն է լցնում թշնամական ծաղրանքով՝ հավատացնելով ու հավատալով իր ցինիզմին: Այսպես է Ադրբեջանն ընդառաջ գալիս Հայաստանի գրկաբաց խաղաղությանը՝ իր նոր քարտեզով և ապագա քարտեզի տեսլականով ու օր օրի փքվող պահանջներով: Չկատարելու դեպքում սպառնում է պատերազմով՝ նախապես թափահարելով բռունցք: Նաև հպարտանում է այն ծայրահեղ ու ֆաշիստական ատելությամբ, որ ինքն է ներարկել ադրբեջանցիների՝ հատկապես նոր սերնդի մեջ հայերի նկատմամբ: Իսկ մեր իշխանավորները երդվյալ ատենակալների պես վերստին համոզում են մեզ, թե խաղաղություն են հաստատելու նման հավակնություններով ձեռք մեկնող, ավելի շուտ՝ չմեկնող, թշնամու հետ: Մենք խաղաղություն ենք ասում, նրանք մեզ իրենց գերիշխանությունն են պարտադրում՝ որպես ենթակա տարածք Ադրբեջանի դրոշի տակ:

Երկու տարբերակ կա. խաղաղություն ասելով մեր իշխանավորները կա՛մ իրենք են հիմար, կա՛մ մեզ են հիմարացնում: Երրորդ տարբերակը բացառվում է, թե թշնամին է հիմար, համենայնդեպս նման նշաններ մինչ օրս չի ցուցաբերել: Ավելին, թշնամին օգտվում է մեր հիմարությունից կամ՝ հիմարացումից: Իսկ մենք, ինչպես միշտ, հետո ենք ասելու, որ կրկին հիմար էինք կամ՝ հիմարացանք դարձյալ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ