copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:44 29-03-2022

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Խորհրդարանից հիշեցրել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռեւս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար եւ այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի ելույթի՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը եւ չի խախտել դրա դրույթները: Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության համաձայն:

Ի պատասխան այդ հայտարարությունների՝ ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանը հիշեցրել է տիկնոջը. «Ադրբեջանական կողմի զինված ներթափանցումների եւ խախտումների մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ` Ռուսաստանի Դաշնությունը, որը տվյալ տարածքի խաղաղության երաշխավորն է: Կցանկանայի կրկնել՝ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»:

Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարն ի պատասխան հայտարարել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է Երեւանին խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հաշվի առնելով հինգ կետերը, որոնք Հայաստանը մերժել է:

Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարի այն պնդման, թե Բաքուն առաջարկել է, իսկ Հայաստանը հրաժարվել է՝ Ալեն Սիմոնյանը նշել է.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, եւ մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել այդ աշխատանքի իրականացումը»,- եզրափակել է բանավեճը Սիմոնյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին հաջորդել են ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահների եւ պատվիրակների բուռն ծափահարությունները, որոնք ընդհատել են Գաֆարովայի խոսքը: Բանավեճն այլեւս չի շարունակվել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի