copy image url
Միտք 4 տարի առաջ - 19:24 05-03-2022

Թուրքիայի իշխանություններն ու բնակչությունը համակարծիք են չեզոքության հարցում

Ուկրաինական իշխանությունները քաջ գիտակցելով, որ Արևմուտքը չի կարող Ռուսաստանի հետ ամբողջական հակադրման գնալ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ ուղարկել կամ փակել Ուկրաինայի օդային տարածքը՝ հայտարարելով անթիռչք գոտի, Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու նպատակով ամեն կերպ փորձում է ճգնաժամում ներգրավվել նաև Թուրքիային: Ամենևին զարմանալի չէ, որ արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, թե Գերմանիայի կանցլերի հետ միասին Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից: Թեպետ նման հայտարարություններով Զելենսկին փորձում է սիրաշահել Էրդողանին՝ միջազգային արենայում ակնհայտորեն բարձրացնելով թուրքական պետության առաջնորդի կշիռը, սակայն պաշտոնական Անկարան այս պահի դրությամբ չունի այն լծակները, որոնց կարիքն այդքան զգացվում է Կիևում: Անգամ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մ. Չավուշօղլուն, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի արգործնախարարների՝ մարտի 4-ին անցկացված հանդիպումից հետո, նշել է, որ Սերգեյ Լավրովին և նրա ուկրաինացի գործընկեր Կուլեբային կցանկանային Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, եթե այդպիսի հնարավորություն ընձեռնվեր և պայմանները թույլ տային: Միջնորդի դեր ստանձնելու և Թուրքիայի չեզոք կարգավիճակն ընդգծելու համար Թուրքիայի նախագահը մարտի 6-ին ծրագրում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ առաջարկելով թուրքական պլատֆորմը։ Առհասարակ, անկախ Կիևից հնչող կոչերից, թուրքական իշխանությունները ստիպված են նախաձեռնողի դերում լինել, քանի որ այդպիսի պահանջներ հասունանում են նաև թուրքական ընդդիմության կողմից։

Բայցևայնպես, հակառակ թուրքական ընդդիմության մանիպուլյացիաներին և չեզոքության պահպանմանն ուղղված անտեղի քննադատություններին՝ իշխանությունների տրամադրությունները գրեթե նույնությամբ արտացոլում են հանրային կարծիքը։ «Aksoy» ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 78,2 %-ը կողմ է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամում Թուրքիան չեզոքություն պահպանի։ Հարցվածների ընդամենը 2,4 %-ն է պատասխանել, որ պետք է սատարել Ռուսաստանին, իսկ 19,4 %-ը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը։ Հարցման մասնակիցներին ուղղվել է նաև այն հարցը, թե ինչպես են ռազմագործողություններն անդրադառնալու Թուրքիայի վրա։ Բնակչության մեծամասնությունը, այն է՝ 63,1 %-ը, կարծում է, որ հետևանքները լինելու են բացասական կամ շատ բացասական, 23,2 %-ը համոզված է, որ իրավիճակը խոշոր առումով չի անդրադառնալու Թուրքիայի վրա, իսկ 13,6 %-ն էլ կարծիք է հայտնել, որ ՌԴ ռազմագործողության ազդեցությունը Թուրքիայի համար կարող է ունենալ դրական կամ շատ դրական ազդեցություն։ Ընդ որում, որակական հետազոտություն չի անցկացվել, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ հարցման արդյունքներից դուրս բերել, թե Թուրքիայի ազգաբնակչությունը դրական կամ բացասական ազդեցություն և հետևանք ասելով ինչ նկատի ունի։ Ըստ էության, նաև պարբերաբար իրականացվող հարցման ու հետազոտությունների արդյունքներն են, որ գործող իշխանություններին վստահություն են ներշնչում՝ շարունակելու որդեգրած քաղաքականությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունն ընդգծված արևմտամետ է, իշխանություններն իրենց գործելաոճով փորձում են ոչ միայն չներքաշվել աղետաբար հակամարտության մեջ, այլև հավասարակշռել ներհասարակական կյանքը։ Որպես օրինակ՝ թուրքական իշխանությունները կտրականապես մերժում են ՌԴ հետ ռազմական կապերի խզումը։ Թուրքիայի ներգործնախարար Սուլեյման Սոյլուի կարծիքով՝ մտավոր հետամնաց են բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ռուս-ուկրաիանական ճգնաժամի ֆոնին պետք է ՌԴ-ին վերադարձնել С-400 զենիթահրթիռային համակարգերը։ Ընդ որում, թե՛ այս, և թե՛ Բոսֆորի ու Դարդանելի ռեժիմի հսկողության առումով Անկարայից գոհ են Կրեմլում։ Այդ մասին անձամբ արտահայտվել է նաև Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը՝ նշելով, որ Մոնտրյոյի կենվենցիայի պահպանման տեսանկյունից Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի դիրքորոշումը։ Թուրքիայի չեզոք ու անկողմնակալ կեցվածքն ի ցույց դնելու համար Անկարայի աչքից չի վրիպում նաև մշակութային գործոնը։ Օրինակ Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքի թվիթերյան գրառման համաձայն՝ ճիշտ է դիմակայել Ռուսաստանի անարդար ներխուժմանը, սակայն սխալ է փորձել արգելել ռուսական մշակույթը, գրականությունն ու երաժշտությունը՝ հրահրելով ազգային ատելություն։ Ըստ էության, թուրքական կողմն իր պաշտոնական դիրքորոշմանը զուգահեռ որոշակի քայլեր է ձեռնարկում ռուսաֆոբ դրսևորումների դեմ՝ Ռուսաստանի հետ հետագա երկխոսությունների ընթացքում լրջագույն խաղաքարտեր ունենալու համար։


Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը