Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 20:23 25-12-2021

Փաշինյանը մեկին մեկ կրկնում է Ադրբեջանի պաշտոնական թեզը, որը նրանք առաջ են տանում 88 թվականից․ Էդգար Էլբակյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ Արցախը պետք է լիներ ամբողջովին հայկական։ Իր տեսակետը նա հիմնավորեց նախկինում բանակցությունների սեղանին դրված փաթեթի բովանդակությամբ։ Խոսքն այն բանակցությունների մասին էր, որը վարում էր Սերժ Սարգսյանը։ Ըստ Փաշինյանի՝ այնտեղ պետք է լիներ նաև ադրբեջանական բնակչություն ու ադրբեջանական քվոտա։

Նման հայտարարություն երկրի առաջին դեմքի մակարդակով արվում է առաջին անգամ, որ Արցախը չէր կարող լինել հայկական։ Երկրի առաջին դեմքի նման հայտարարությունն, ըստ փորձագետների, չի կարող անհետևանք մնալ ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագա մի քանի տասնամյակների ընթացքում։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից, երկրների լեգիտիմ ղեկավարների՝ անգամ բանավոր հայտարարությունները վկայակոչելի են դատարաններում։

«Այսպիսի մի օրինակ բերեմ։ Ժամանակին մենք նման կերպ վկայակոչում էին Ադրբեջանի նախկին ղեկավար Մութալիբովի հայտարարությունը։ Ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ Խոջալուն կազմակերպել էին հենց ադրբեջանցիները, որպեսզի հետագայում մեղադրեն ինձ։ Եթե Ադրբեջանը դիմեր Հաագայի կամ այլ միջազգային դատարաններ, մենք էլի այդ հայտարարությունն էինք վկայակոչելու՝ անկախ այն հանգամանքից, որ մոտ երկու տարի առաջ նա Բաքվում հայտարարեց, որ նման բան չի ասել։ Այդ ժամանակ նա գտնվում էր պատվավոր գերության մեջ ու այդ հայտարարությունն արեց Ալիևի ճնշման տակ»,- ասում է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Փաշինյանի նման հայտարարությունն իսկական նվեր էր ադրբեջանցիներին, քանի որ միջազգային իրավունքի երրորդ կուրսի ուսանողն անգամ կարող է վերցնել այս հայտարարությունն ու փաստարկել, որ Հայաստան պետությունը Արցախը համարում է ադրբեջանական տարածք։

Բանն այն է, որ դեռ 88 թվականից սկսած Ադրբեջանի պաշտոնական թեզը հետևյալն է՝ ԼՂԻՄ-ը ոչ թե ազգային կազմավորում է, այլ վարչական։

«Երբ թուրքերն են դա ասում, դա հասկանալի է, քանի որ իրենց պաշտոնական թեզն է, իսկ երբ մեր երկրի ղեկավարն է մեկին մեկ ճշգրտությամբ կրկնում ադրբեջանցիների պաշտոնական թեզը, այդտեղ խնդիր կա՝ թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով»,- ասում է Էլբակյանը։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից