copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:23 24-12-2021

Ընտրակաշառքի գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռ. Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի տուն` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պետրոսյանի տան բակից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

Ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. հունիսի 13-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոփոխվել է գրավի: 2021 թվականի նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայնեցման վարույթի կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ից 375.6-րդ հոդվածներ) իրականացված դատական քննության արդյունքում դատարանը 2021թ. դեկտեմբերի 23-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում, նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 5 տարի ժամկետով փորձաշրջան: Համաձայնեցման վարույթի շրջանակում ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9.000.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը