copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:15 17-12-2021

ՄԱԿ-ի համաժողովում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման համատեքստում ներկայացրել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ներդրվող նոր ինստիտուտները:

Մասնավորապես, պատվիրակության կազմում ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ի կատարումն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ՀՀ-ում ներդրված քաղաքացիադատավարական ընթացակարգերով ապօրինի
ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը: «Սա բացարձակապես նոր կառուցակարգ է հայաստանյան օրենսդրությունում, որը հնարավորություն է տալիս քրեական մեխանիզմներին զուգահեռ կիրառել անօրինական ակտիվների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմ և բռնագանձել այն գույքը, որը որևէ պատճառով հնարավոր չէ վերադարձնել քրեական գործերի շրջանակներում»,-նշել է Վաղինակ Ջանազյանը: Նկարագրվել են այս համակարգի գործարկման օրենսդրական կարգավորումնները, նշված գործընթացների իրականացման հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության հիմնական գործառույթները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի ընթացիկ արդյունքները: Համակարգի գործունակության արդյունավետության տեսանկյունից ՀՀ պատվիրակության կողմից շեշտադրում է կատարվել միջազգային համագործակցության, հատկապես օպերատիվ խողովակներով միջազգային հարցումների իրականացման վրա: Նշվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականից հանդիսանում է CARIN.NETWORK (Camden Asset Recovery Inter-agency Network) միջազգային ոչ պաշտոնական ցանցի անդամ: Այդ ցանցի միջոցով ներկա պահին արդեն իսկ ուղարկվել է 7 հարցում, որոնց արդյունքում ստացվել է 6 պատասխան, միևնույն ժամանակ՝ գործընկեր երկրների իրավասու մարմիններից ՀՀ դատախազությունն ստացել է 4 միջազգային հարցում:

Որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր նախադրյալ՝ այս ոլորտում առավելագույն պրոֆեսիոնալիզմ ապահովելու տեսանկյունից կարևորվել է Հայաստանում հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրության ընդունումը: Նշվել է, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական քննությունների իրականացումը ՀՀ ԲԴԽ- ի որոշմամբ վերապահվել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի չորս մասնագիտացված
դատավորների:

Պատվիրակության կողմից համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունը հետևում է հակակոռուպցիոն գործիքների կատարելագործմանն ուղղված միջազգային միտումներին՝ անհրաժեշտության դեպքում լավագույն փորձը յուրացնելու և տեղայնացնելու համար:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը