copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:32 02-10-2021

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ծավալը կհասնի 4 մլրդ դոլարի. կկառուցվի նոր պղնձաձուլարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին: Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:

«Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերության, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ռոման Տրոցենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:

«Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, պղնձաձուլարան, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև՝ նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»,-ասել է նա:

Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի:

«Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար, և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:

Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել այդ ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին