Ռուսական ԱԷԿ-ները պարբերաբար գրոհների են ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 70-րդ նստաշրջանի լիագումար նիստում նա ասել է, որ կտրուկ սրվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ վիճակը. ապրիլի վերջից սկսած՝ Էներգոդարում 20 մարդ է զոհվել:
«Ատոմային օբյեկտների վրա գրեթե ամեն օր հարձակումներ են լինում, նախկինում դա անհավանական էր։ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ոչ միայն գրանցի Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածները, այլև նշի այդ հանցագործությունների մեղավորներին»,- ասել է նա։
Լիխաչովը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում ոչ միայն բուն ատոմակայանի և դրա ենթակառուցվածքի ուղղությամբ. կայանի արբանյակ-քաղաք Էներգոդարում ուկրաինական հարվածների թիրախ են դարձել բնակելի շենքերը, բժշկական կենտրոնները, մանկապարտեզները, դպրոցները, խանութները, հրշեջ ստորաբաժանումները, հասարակական տրանսպորտի կանգառները:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շատ է գնահատում Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների՝ արդեն չորս տարի գտնվելը, որոնք հաճախ իրենց վտանգի են ենթարկում:
«Ռոսատոմի» ղեկավարը նշել է նաև «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անձնական ներգրավվածությունն ու անձնական արիությունը»: