copy image url
Սպորտ 41 րոպե առաջ - 16:35 13-09-2026

Եղել են նաև սայթաքումներ, և մենք չենք կարող դրանք չտեսնել․ Փյունիկի գլխավոր տնօրենը՝ Արտակ Օսեյանի պաշտոնանկության մասին

Երևանի «Փյունիկի» շուրջ կրքերը շարունակում են եռալ: Վերջին օրերին ակումբում տեղի ունեցած կադրային կտրուկ փոփոխություններն ու հայտարարությունները դարձել են հայկական ֆուտբոլային հանրության գլխավոր քննարկման թեմաներից մեկը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Արտակ Օսեյանը, ինչին նախորդել էին ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով նորանշանակ խորհրդական Դմիտրի Սելյուկի կոշտ հայտարարությունները՝ կապված ակումբի ներքին կանոններին չենթարկվելու և շանտաժի հետ: Այս ամենին հաջորդեց ֆուտբոլիստների ակցիան՝ ի պաշտպանություն Օսեյանի, իսկ ավելի ուշ ստեղծված իրավիճակին արձագանքեց ակումբի նախագահ Անտոն Ֆարբերը՝ շեշտելով, որ աշխատանքային հարցերը պետք է լուծվեն հանդերձարանում, այլ ոչ թե մամուլում՝ կոչ անելով չկենտրոնանալ միայն վերջին օրերի իրադարձությունների վրա:

Ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի, Արտակ Օսեյանի հեռանալու, ակումբի զարգացման նոր փուլի և Դմիտրի Սելյուկի առջև դրված խնդիրների մասին այժմ պաշտոնական պարզաբանմամբ հանդես է եկել «Փյունիկի» գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը:
Ներկայացնում ենք ակումբի մամուլի ծառայությանը տված նրա լայնածավալ հարցազրույցն ամբողջությամբ։

— Վերջին շրջանում «Փյունիկի» շուրջ տարբեր խոսակցություններ են շրջանառվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը և ի՞նչ ուղերձ կցանկանաք փոխանցել ակումբի երկրպագուներին։

— «Փյունիկի» շուրջ տեղի ունեցող գործընթացները բնականաբար մեծ ուշադրության են արժանացել։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած փոփոխություն, հատկապես երբ այն վերաբերում է թիմի մարզչական կազմին կամ ակումբի ներքին գործընթացներին, բազմաթիվ հարցեր է առաջացնում, և դա լիովին բնական է։ «Փյունիկի» երկրպագուները իրավունք ունեն իմանալու, թե ինչ ուղղությամբ է շարժվում իրենց ակումբը։

Առաջին հերթին ուզում եմ վստահեցնել, որ ակումբում որևէ գործընթաց չի իրականացվում պահի ազդեցությամբ կամ մեկ առանձին դրվագի հիման վրա։ «Փյունիկը» շարունակում է իր աշխատանքը, և մեր բոլոր որոշումների հիմքում ակումբի երկարաժամկետ շահն ու զարգացման տեսլականն են։

Եթե անկեղծ գնահատական տանք վերջին շրջանին, պետք է ընդունենք, որ որոշակի փուլում մենք փոքր-ինչ շեղվել էինք այն քաղաքականությունից և այն սկզբունքներից, որոնք «Փյունիկի» զարգացման հիմքում պետք է լինեն։ Այսօր մենք այդ մասին շատ հստակ պատկերացում ունենք և ցանկանում ենք վերադառնալ մեր հիմնական ճանապարհին։

Միևնույն ժամանակ, ցանկացած փուլ, այդ թվում՝ բարդ կամ ոչ ցանկալի իրավիճակները, պետք է մեզ համար նաև սովորելու հնարավորություն լինի։ Մենք պատրաստ ենք վերլուծել մեր կատարած աշխատանքը, հասկանալ, թե որտեղ կարող էինք ավելի ճիշտ կամ արդյունավետ գործել, և այդ փորձը օգտագործել հետագա զարգացման համար։

Շատ կարևոր է տարբերակել այն, ինչ պետք է պահպանենք, և այն, ինչից պետք է հրաժարվենք։ Մենք ցանկանում ենք բացառել այն բացասական երևույթներն ու վատ ավանդույթները, որոնք կարող են խանգարել ակումբի զարգացմանը, և կենտրոնանալ «Փյունիկի» լավագույն ավանդույթների վրա՝ աշխատանքի, կարգապահության, հաղթելու ձգտման, սեփական կադրերի զարգացման և ակումբի նկատմամբ պատասխանատվության։

Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք «Փյունիկի» մասին, չենք կարող խոսել միայն ներկայի մասին։ Սա մեծ պատմություն ունեցող ակումբ է, որն ունի բազմաթիվ ձեռքբերումներ, հայկական ֆուտբոլում իր ուրույն տեղը և ձևավորված ավանդույթներ։ Այդ պատմությունը մեզ համար ոչ միայն հպարտության առիթ է, այլև մեծ պատասխանատվություն։ Մենք պետք է պահպանենք այն արժեքները, որոնց շնորհիվ «Փյունիկը» դարձել է այն ակումբը, որն այսօր է, և այդ հիմքի վրա կառուցենք ավելի ուժեղ ապագա։

Մեր երկրպագուներին ուզում եմ ասել, որ «Փյունիկում» աշխատանքը շարունակվում է։ Մենք չենք խուսափում փոփոխություններից, եթե դրանք անհրաժեշտ են ակումբի առաջընթացի համար։ Միաժամանակ հասկանում ենք, որ ցանկացած փոփոխություն կարող է որոշակի ժամանակ պահանջել, մինչև դրա արդյունքները տեսանելի դառնան։

Մեր խնդիրը միայն այսօրվա կամ վաղվա խաղի մասին մտածելը չէ։ Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի «Փյունիկ», որը տարիներ շարունակ կունենա կայուն զարգացման հիմք, մրցունակ թիմ և սեփական համակարգից եկող որակյալ ֆուտբոլիստներ։

Ամենակարևորը՝ ուզում եմ, որ մեր երկրպագուները վստահ լինեն, որ ակումբի ղեկավարությունը տեսնում է առկա խնդիրները և աշխատում է դրանք լուծելու ուղղությամբ։ Մենք հասկանում ենք այն պատասխանատվությունը, որը կրում ենք «Փյունիկի» պատմության, անվան և մեր երկրպագուների առաջ։

— Արտակ Օսեյանի հետ համագործակցության ավարտի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Ինչպե՞ս է ակումբը գնահատում այդ փուլը և ինչո՞վ էր պայմանավորված փոփոխությունը։

— Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցումը տեղի է ունեցել երկկողմ համաձայնությամբ։ Սա կարևոր հանգամանք է, որը ցանկանում եմ ընդգծել։
Արտակ Օսեյանը «Փյունիկի» հետ աշխատել է որպես գլխավոր մարզիչ, և այդ ընթացքում եղել են ինչպես դրական պահեր, այնպես էլ իրավիճակներ, որոնք պահանջել են քննարկումներ և որոշակի գնահատականներ։

Եթե ընդհանուր գնահատական տանք նաև նախորդ մրցաշրջանին, պետք է գնահատենք որպես բավարար։ Եղել են լավ հատվածներ և դրական արդյունքներ, բայց միևնույն ժամանակ եղել են նաև սայթաքումներ, և մենք չենք կարող դրանք չտեսնել կամ չգնահատել։ Մեզ համար կարևոր է հասկանալ դրա պատճառները և անել համապատասխան հետևություններ։
Պետք է նշել, որ վերոնշյալ սայթաքումները տեսանք նաև այս մրցաշրջանում՝ եվրագավաթներում և ներքին առաջնության մի քանի խաղերում, և այդ իրավիճակի, ինչպես նաև ընդհանուր աշխատանքի գնահատման արդյունքում ակումբը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել։

Ֆուտբոլային ակումբում ցանկացած որոշում պետք է գնահատել առաջին հերթին ընդհանուր համակարգի և ակումբի երկարաժամկետ նպատակների տեսանկյունից։
Արտակ Օսեյանի կատարած աշխատանքի նկատմամբ մենք հարգանք ունենք և շնորհակալ ենք այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա աշխատել է «Փյունիկում»։ Բայց միևնույն ժամանակ ակումբի ղեկավարությունը պարտավոր է որոշումներ կայացնել այն ժամանակ, երբ կարծում է, որ դրանք անհրաժեշտ են հետագա զարգացման համար։

Այս պահին չեմ ցանկանում հրապարակայնորեն քննարկել այն բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են այս որոշմանը։ Կարծում եմ՝ նման հարցերում պետք է պահպանել պրոֆեսիոնալ և գործընկերային մոտեցում։

Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ այս փոփոխությունը պետք չէ դիտարկել միայն որպես գլխավոր մարզչի փոփոխություն։ Այն ավելի լայն գործընթացի մի մասն է, որի նպատակն է վերադառնալ «Փյունիկի» զարգացման այն մոդելին, որը մենք համարում ենք ճիշտ և հեռանկարային։

Մենք ցանկանում ենք, որ ակումբի բոլոր օղակները գործեն մեկ ընդհանուր տեսլականի ներքո։ Եթե որևէ փուլում տեսնում ենք, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ են փոփոխություններ, մենք պետք է ունենանք այդ փոփոխություններն իրականացնելու համարձակությունն ու պատասխանատվությունը։

Ավելին՝ Armsport կայքում:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում