copy image url
Ներքին Արտաքին 1 օր առաջ - 09:54 04-09-2026

ՀՀ-ն մերժել է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործչին

Հայաստանի կառավարությունը մերժել է Ռուսաստանի իրավապահ մարմինների խնդրանքը՝ Ռուսաստանից փախուստի դիմած ընդդիմադիր գործիչ Իլյա Դանիլովին արտահանձնելու վերաբերյալ։

«Երևանում մեկ ամիս հարկադիր սպասելուց հետո Նավալնիի Լիպեցկի շտաբի նախկին համակարգողը հաջողությամբ հատել է հայ-վրացական սահմանը և վերադարձել Թբիլիսի», – հաղորդում է Новости Грузия պորտալը։

Հրապարակման համաձայն՝ Դանիլովը 2021 թվականին լքել է Ռուսաստանը և այդ ժամանակից ի վեր բնակվում է Վրաստանում՝ համատեղելով լրագրողական և մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը։ Դանիլովի խնդիրները սկսվել են 2026 թվականի օգոստոսի 1-ին, երբ նա փորձել է վերականգնել Վրաստանում 365-օր օրինական մնալու ժամկետը։

Հայաստանի սահմանային անցակետում պարզվել է, որ Մոսկվան միջազգային հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ՝ ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու և ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու հետ կապված քրեական գործերով։ Ավելին՝ «Ռոսֆինմոնիտորինգը» նրան ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների իր ցուցակում։

ՀՀ անվտանգության ուժերը Դանիլովին մի քանի ժամով ձերբակալել են, որից հետո նա ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն նրան արգելվել է լքել երկիրը՝ մինչև Ռուսաստանի հարցման իրավական վերանայման ավարտը։