copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 21:35 26-08-2026

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ աշխարհը վտանգավոր աստիճանի պատրաստ չէ այն մասշտաբային փոփոխություններին, որոնք իր հետ կբերի արհեստական բանականության արագընթաց զարգացումը, հայտնում է AFP-ն։

Նրա խոսքով՝ ԱԲ-ն ունակ է ոչնչացնել միլիոնավոր աշխատատեղեր, ուժեղացնել կիբեռանվտանգության սպառնալիքները և բացասաբար ազդել մարդկային հարաբերությունների վրա, հատկապես երիտասարդության շրջանում։

Իր բլոգում հրապարակված շուրջ 6 հազար բառանոց էսսեում Microsoft-ի համահիմնադիրը ԱԲ դարաշրջանին անցումն անվանել է մարդկության պատմության ամենափոթորկալից շրջաններից մեկը։ Ընդ որում, նրա կարծիքով, մինչ օրս չկա որևէ համոզիչ ծրագիր, որը թույլ կտար վերահսկել այդ տրանսֆորմացիայի հետևանքները։

«ԱԲ-ն կդառնա կա՛մ հնարավորությունների հավասարեցման մեծագույն գործիք, կա՛մ անարդարության վատթարագույն աղբյուր», — գրել է Գեյթսը։

Նա առանձնացրել է տեխնոլոգիայի արագ զարգացման հետ կապված երեք հիմնական սպառնալիքները։

Առաջինը աշխատատեղերի մասսայական և անդառնալի կրճատումն է։ Գեյթսը սխալ է համարում ներկայիս հեղափոխության համեմատությունը գյուղատնտեսական աշխատանքից դեպի գրասենյակային աշխատանքի անցման հետ. այն ժամանակ փոփոխությունները տեղի էին ունենում մի քանի սերունդների ընթացքում, և միևնույն ժամանակ ստեղծվում էին նոր մասնագիտություններ, որոնք պահանջում էին մարդկային մտածողություն: ԱԲ-ն, սակայն, ունակ է փոխարինել հենց ինտելեկտուալ աշխատանքը:

Նրա գնահատմամբ՝ մոտ տասը տարվա ընթացքում արհեստական բանականությունը լրջորեն կազդի այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են իրավաբանությունը, բժշկությունը, հաճախորդների սպասարկումը, ծրագրային ապահովման մշակումը և արտադրությունը: Ամենամեծ ռիսկին կենթարկվեն սկսնակ և միջին հաստիքները, ինչի պատճառով երիտասարդ մասնագետների համար ավելի դժվար կլինի աշխատանք գտնել: Տասնամյակի վերջում ԱԲ-ի և ռոբոտացման ճնշումը, Գեյթսի կարծիքով, կուժեղանա նաև շինարարության և հյուրընկալության ոլորտներում:

Գործարարը գտնում է, որ որոշ մասնագիտություններ արժե պահպանել նույնիսկ այն դեպքերում, երբ ԱԲ-ն ունակ է համապատասխան աշխատանքը կատարել ավելի արագ և էժան ձևով:

Երկրորդ սպառնալիքը չարագործների կողմից ԱԲ-ի հնարավորությունների օգտագործումն է։ Գեյթսի խոսքով՝ իրեն ծանոթ կիբեռանվտանգության մասնագետները մտահոգված են, որ հարձակվողներն ավելի արագ են զարգանում, քան պաշտպանները հասցնում են վերացնել խոցելիությունները։ Վտանգի տակ են հիվանդանոցները, բանկերը, ջրամատակարարման համակարգերն ու էլեկտրացանցերը։

Երրորդ խնդիրը կապված է երեխաների և մարդկային հարաբերությունների հետ։ Գեյթսը հղում է կատարել տարբեր հետազոտությունների և նշել, որ կան չաթ-բոտեր, որոնք երբեք չեն վիճում օգտատիրոջ հետ և չեն ստիպում նրան անհանգստություն զգալ, հավելելով, որ դրանք կարող են կախվածություն առաջացնել և խանգարել սոցիալական հմտությունների զարգացմանը։

«Դրանք զրկում են մեզ այն դասերից, որոնք մենք ստանում ենք այլ մարդկանց հետ շփման շնորհիվ», — նշել է Գեյթսը։

Ընդ որում, ձեռներեցը խոստովանել է, որ ինքը զգալի ֆինանսական կապեր է պահպանում տեխնոլոգիական ոլորտի հետ։ Նրա ներդրումներից ստացված շահույթն ուղղվում է նրա հիմնադրած բարեգործական հիմնադրամին, որը հաջորդ 20 տարիների ընթացքում հավանաբար կշախսի մնացած շուրջ 200 միլիարդ դոլարը։

Գեյթսը նաև հայտարարել է, որ չի գտնում ԱԲ դարաշրջանին անցումը դանդաղեցնելու իրական պլանը։ Նրա կարծիքով՝ տնտեսական և աշխարհաքաղաքական խթանները ստիպում են ընկերություններին և պետություններին առաջ շարժվել լիարժեք թափով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում