Ազատանցի 40-ամյա Թեհմինա Կնյազյանը ահազանգել է, որ իր երկու մանկահասակ երեխաներին՝ 2 տարեկան և 7 ամսական աղջիկներին, իր կամքին հակառակ տեղափոխել են աջակցության կենտրոն։
Oragir.News-ը եղել է Թեհմինա Կնյազյանի տանը։ Կինը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են երեխաներին իրենից հեռացրել։
«Կուրծք ուտող երեխայիս եկան ձեռքիցս տարան։ Ինձ նման իրենք չեն կարող նայել»,- պատմում է Թեհմինան։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Oragir.News-ին հայտնել են, որ ընտանիք կատարված տնայցի ընթացքում պարզվել է՝ ընտանիքը բնակվում է տնակում, որը զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից։ Ըստ նախարարության՝ այնտեղ առկա չեն եղել երեխաների խնամքի համար անհրաժեշտ տարրական միջոցներն ու պայմանները։
Նախարարությունից նաև նշել են, որ երեխաների մայրը «բացարձակապես չի տիրապետում կենցաղավարման տարրական կանոններին և հմտություններին», ինչի հետևանքով երեխաների՝ նման պայմաններում ապրելը կարող է ռիսկ պարունակել նրանց կյանքի և առողջության համար։
Թեհմինա Կնյազյանը, սակայն, համաձայն չէ նախարարության գնահատականի հետ։ Նա պնդում է, որ կարողանում է ապահովել երեխաների խնամքը, և երեխաները ոչ մի բանի կարիք չեն ունեցել։
Oragir.News-ը եղել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հաստատությունում մեզ թույլ չեն տվել նկարահանում իրականացնել՝ փոխարենը նշելով, որ իրենց համար առաջնայինը երեխաների լավագույն շահն է։
Կենտրոնից հայտնել են, որ այնտեղ հայտնված երեխաները գտնվում են պետության հովանու ներքո և իրենց խնամքն իրականացվում է համապատասխան պայմաններում։
Մինչդեռ Թեհմինա Կնյազյանը պնդում է, որ երեխաների վարքագծում արդեն փոփոխություններ է նկատում։ Նրա խոսքով՝ 7 ամսական Գոհարի մարմնի վրա բշտիկներ են հայտնվել, իսկ երեխան, իր դիտարկմամբ, նախկինի պես ակտիվ չէ։
Թեհմինան ասում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող խնամել իր երեխաներին և ցանկանում է, որ նրանք վերադարձվեն իրեն։
Ընտանիքի սոցիալական վիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ է հաստատել Ազատան համայնքի ղեկավար Սեյրան Ոսկանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին նա չի պատասխանել։
Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Oragir.News-ին տրամադրել են լուսանկարներ, որոնք, նախարարության գնահատմամբ, փաստում են ընտանիքի սոցիալական և կենցաղային ծանր պայմանները և հիմք են հանդիսացել երեխաներին աջակցության կենտրոն տեղափոխելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։