Գյումրիի Շիրակացու փողոցում իրականացվող վերանորոգման աշխատանքները շուրջ չորս ամսից ավելի է՝ շարունակվում են, սակայն այս ընթացքում, ըստ էության, ավարտին են հասցվել միայն մայթերի նորոգման աշխատանքները։ Փողոցի երթևեկելի հատվածը շարունակում է մնալ քանդված, ինչը անհարմարություններ է առաջացրել։
Oragir.News-ը պարբերաբար քաղաքացիներից ստանում է ահազանգեր, որ շինարարության ձգձգման հետևանքով իրենք ստիպված են լինում փոխել երկու տրանսպորտ՝ իրենց աշխատանքի, ուսման կամ այլ ուղղություններով հասնելու համար, ինչը ոչ միայն լրացուցիչ ժամանակ է խլում, այլև ավելացնում է ճանապարհածախսը։
Մարդիկ ամիսներ շարունակ ստիպված են ապրել մշտական փոշու պայմաններում։ Քամու ամենափոքր ուժգնացման դեպքում փոշին պատում է հարակից տարածքները, խանութներն ու բնակելի տները՝ ստեղծելով անհարմարություններ և առողջական ռիսկեր։
Ժամանակ առ ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է գնում և անձամբ հետևում աշխատանքներին։ Ինչքան էլ պատկան մարմինները նշեն, որ ամեն ինչ ժամկետների մեջ է, բայց իրական փաստը գյումրեցիների աչքի առջև է։
Տեսանյութ։