Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:49 31-07-2026

Մեքենաս էս ճամփեքին ջարդուխուրդ եղավ, Գյումրիից գյուղ 2 ժամում ենք հասնում. վարորդ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի սահմանամերձ Արդենիս գյուղ տանող ճանապարհի անմխիթար վիճակը շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել բնակիչների և վարորդների համար։ Տարիներ շարունակ չվերանորոգված ճանապարհը ոչ միայն դժվարացնում է տեղաշարժը, այլև վնասում է ավտոմեքենաները։

Oragir.News-ի հետ զրույցում վարորդներից մեկը պատմում է, որ ճանապարհի վիճակն այնքան վատ է, որ Գյումրիից Արդենիս հասնելու համար այժմ գրեթե երկու ժամ է պահանջվում։

«Մեքենաս էս ճամփեքին ջարդուխուրդ եղավ։ Գյումրիից գյուղ 2 ժամում ենք հասնում։ Ամեն քայլափոխի փոս է, մեքենան անընդհատ վնասվում է։ Էս ճանապարհը ոչ թե ճանապարհ է, այլ փորձություն»,- ասում է նա։

Ճանապարհը տարիներ շարունակ հիմնանորոգում չի տեսել, իսկ նույնիսկ փոսալցման աշխատանքներ չեն իրականացվել։ Արդենիսը սահմանամերձ բնակավայր է, և տրամաբանական է, որ նման գյուղերի նկատմամբ ուշադրությունը պետք է առաջնահերթ լիներ, բայց այս գյուղերի մասին հավանաբար իշխանությունները մոռացել են։ Համենայնդեպս գյուղ մտնելուս պես միանգամից զգացվում է, որ գյուղը դուրս է մնացել ուշադրությունից։

Տեսանյութ։