Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) սպառնում է էլ ավելի սրել հարաբերությունները ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։
Այս մասին հայտնում է DW-ն՝ հավելելով, որ հուլիսի 30-ին կայացած արտակարգ նիստում ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 անդամ ասոցիացիաները որոշել են բոյկոտել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը, եթե Ինֆանտինոն առաջ մղի ներդրողների հետ նախատեսվող գործարքը։
«ՈՒԵՖԱ-ն և նրա բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական են։ Մենք միաձայն և անվերապահորեն մերժում ենք ՖԻՖԱ-ի առաջարկը՝ Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու վերաբերյալ։ Աշխարհի առաջնությունը չի կարող համարվել ներդրումային ապրանք, քանի որ այն ֆուտբոլի մեծագույն ժառանգություններից մեկն է», — ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Ըստ գերմանական մի շարք այլ պարբերականների՝ Ինֆանտինոն սեպտեմբերի 19-ը վերջնաժամկետ է սահմանել անդամ ասոցիացիաների համար՝ գործարքը հաստատելու նպատակով, առաջարկելով խոշոր ֆինանսական հատկացումներ և մրցաշարերի ընդլայնման հեռանկարներ։
Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Բերնդ Նոյենդորֆը նույնպես խստորեն քննադատել է այս նախագիծը՝ այն անվանելով ճակատագրական։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՖԻՖԱ-ի առևտրային դուստր ձեռնարկության պոտենցիալ ներդրողների թվում, որին կարող են փոխանցվել Աշխարհի առաջնության և Ակումբային աշխարհի առաջնության իրավունքները, նշվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների ընտանիքը։