Ներքին Տեսանյութ 47 րոպե առաջ - 22:18 27-07-2026

Քանդված ճանապարհներ ու դատարկվող գյուղ. Բյուրակնի բնակիչներն ապրում են մեկուսացման մեջ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Բյուրակն գյուղը շարունակում է բախվել տարիներով կուտակված խնդիրներին։ Գյուղ տանող և ներհամայնքային ճանապարհների զգալի մասը քանդված է, ինչի հետևանքով տեղաշարժը դժվարացել է թե՛ բնակիչների, թե՛ շտապօգնության, դպրոցականների և գյուղ այցելող քաղաքացիների համար։

Բնակիչների խոսքով՝ հատկապես անձրևներից հետո ճանապարհներն անանցանելի են դառնում։ Փոսերն ու վնասված հատվածները ոչ միայն վնասում են մեքենաները, այլև մարդկանց ստիպում են ժամերով շրջանցումներ անել կամ ընդհանրապես հրաժարվել գյուղ այցելելուց։

Խնդիրը չի սահմանափակվում միայն ճանապարհներով։ Բյուրակնում հասարակական տրանսպորտ գրեթե չկա, ինչի պատճառով գյուղացիները դժվարությամբ են հասնում Գյումրի կամ հարակից համայնքներ՝ աշխատանքի, բժշկական օգնության կամ այլ անհրաժեշտ հարցերով։ Մասնավորապես, տարեցների և սեփական մեքենա չունեցող ընտանիքների համար սա դարձել է ամենօրյա խնդիր։

Բյուրակնում այսօր նկատելի է նաև արտագաղթի և բնակչության նվազման հետևանքը։ Գյուղի փողոցներում բազմաթիվ փակ տներ կան։ Բնակիչների խոսքով՝ երիտասարդները հեռանում են աշխատանք և ապրուստ գտնելու նպատակով, իսկ շատ ընտանիքներ գյուղ վերադառնալու մտադրություն այլևս չունեն։

Ստեղծված իրավիճակը նաև սոցիալական հետևանքներ է ունենում։ Երբ գյուղը չունի նորմալ ճանապարհ, կանոնավոր տրանսպորտ և բավարար ենթակառուցվածքներ, ներդրումների, զբոսաշրջության կամ նոր աշխատատեղերի ստեղծման մասին խոսելը դժվար է։

Մինչդեռ հենց Բյուրակնում այս տարի շահագործման պետք է հանձնվի նաև նորակառույց դպրոցը։ Սակայն բնակիչները նշում են, որ միայն նոր դպրոց ունենալը չի լուծում համայնքի հիմնական խնդիրները, եթե գյուղ հասնելը շարունակում է դժվար լինել, իսկ մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրը։

Բյուրակնի օրինակը ցույց է տալիս, որ մարզային բնակավայրերի զարգացման համար միայն առանձին ծրագրերը բավարար չեն։ Եթե ճանապարհները, տրանսպորտային կապը և ենթակառուցվածքները չբարելավվեն, գյուղերի դատարկման գործընթացը շարունակվելու է՝ նորակառույց շենքերի կողքին թողնելով գնալով նվազող բնակչություն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը