copy image url
Հայտարարագիր 1 ժամ առաջ - 22:30 07-07-2026

Առանձնատուն, հողամաս, 2.7 մլն ավանդ, 3.8 մլն անկանխիկ, 2.1 մլն կանխիկ, 22.3 մլն եկամուտ․ Վահագն Հովակիմյանի և նրա ընտանիքի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք ԿԸՀ նախագահ, ոչ վաղ անցյալում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի, նրա կնոջ՝ Լուսինե Մովսիսյանի, որդու՝ Միսակ Հովակիմյանի և նրանց հետ համատեղ բնակվող մյուս չափահաս անձի՝ Խանում Հովհաննիսյանի (հավանաբար Վահագն Հովակիմյանի մայրն է)` 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Հովակիմյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որոնք նա նվիրատվությամբ ստացել է 2023 թվականի հունիսի 30-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Վահագն Հովակիմյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության NISSAN, որը նա գնել է 2021 թվականի օգոստոսի 23-ին։ 2025 թվականի փետրվարի 18-ին նա այս մեքենան 1 մլն 400 հազար դրամով վաճառել է Վարդան Ալեքսանյանին, իսկ նոր մեքենա չի գնել։

Վահագն Հովակիմյանի բանկային հաշիվներին 2025-ի տարեսկզբին եղել է 405․380 դրամ և 6000 դոլար, տարեվերջին՝ 1 մլն 424․797 դրամ և 6000 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1․5 մլն դրամ, տարեվերջին՝ 2 մլն դրամ։

2025-ին Վահագն Հովակիմյանի եկամուտները կազմել են 21 մլն 483․900 դրամ, որից 18 մլն 349․314 դրամը ԿԸՀ–ից ստացած աշխատավարձն է, 155․887 դրամը՝ քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, իսկ 2 մլն 978․699 դրամը՝ եկամտահարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն 890․659 դրամ։

Հովակիմյանն իր եկամուտներից 5 մլն 446 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա առևտրային բանկերից մեկում տարեսկզբին ունեցել է 125 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 120 հազար դրամ։

Վերջինիս բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 45 հազար դրամ։ Կանխիկ միջոցներ Մովսիսյանը չի հայտարարագրել։

2025 թվականին նրա եկամուտը կազմել է 100 հազար դրամ, որը ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտն է։

Վերջիններիս որդին՝ Միսակ Հովակիմյանը, շարժական և անշարժ գույք, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 49․993 դրամ, տարեվերջին՝ 37․559 դրամ, իսկ հայտարարագրված կանխիկ միջոցները՝ տարեսկզբին 200 հազար, իսկ տարեվերջին` 100 հազար դրամ։

Խանում Հովհաննիսյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա առևտրային բանկերից մեկում ունեցել է ավանդ, որի արժեքը տարեսկզբին կազմել է 2 մլն 481․721 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 736 հազար դրամ։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9438 դրամ, տարեվերջին՝ 615։

2025 թվականին Խանում Հովհաննիսյանի եկամուտը կազմել է 734․331 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Ամենից շատ դիտված