ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով:
Այս մասին գրել է Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ որոշակի փուլում ԱՄՆ-ը կարող է ստիպված լինել վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Նա զգուշացրել է, որ նման սցենարի դեպքում Իրանի գոյությունը կարող է հայտնվել վտանգի տակ։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնապես հաստատել է, որ ամերիկյան ռազմական ավիացիան ու հեռահար հրթիռները նոր հուժկու հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող ռազմական թիրախներին, ինչը հանդիսանում է Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության դեմ Թեհրանի շարունակվող ագրեսիայի և երկու առևտրային նավերի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման ուղիղ պատասխանը:
Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հավելելով, որ ամերիկյան գործողության ընթացքում բարձր ճշգրտությամբ թիրախավորվել ու ոչնչացվել են իրանական ռազմական հսկողության օբյեկտները, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի պահեստավորման խոշորագույն բազաները: ԱՄՆ հրամանատարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ կոշտ արձանագրել է, որ Իրանին հնարավորություն էր տրվել ամբողջությամբ իրականացնել նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, սակայն Թեհրանը գիտակցաբար որոշել է չանել դա, ինչի պատճառով Վաշինգտոնն անցել է ուժային պատասխանի, թեև նեղուցով առևտրային տանկերների շարժն այս պահին դեռ շարունակվում է։
Այս նոր ռազմական բախումը վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների արդեն երկրորդ խոշոր շարքն է, ինչը փորձագետների կարծիքով տարածաշրջանը կանգնեցրել է մեծ պատերազմի շեմին:Էսկալացիայի այս նոր փուլը բռնկվել է այն բանից հետո, երբ իրանական կողմը հրետակոծել է միջազգային առևտրային նավերից մեկը, ինչին ԱՄՆ-ն անմիջապես պատասխանել է Իրանի ներսում գտնվող ռազմավարական թիրախների ռմբակոծությամբ, իսկ դրան ի պատասխան՝ իրանամետ ուժերը հրթիռային հարձակումներ են գործել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմակայանների և Հորմուզի նեղուցով անցնող նավթային տանկերների ուղղությամբ, ինչն էլ հանգեցրել է Պենտագոնի այս վերջին՝ առավել մասշտաբային պատժիչ գործողությանը։