Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 օր առաջ - 20:00 26-06-2026

170 միլիոն դոլարի առեղծվածը. կորցրե՞լ է արդյոք «Հայաստան» հիմնադրամն իր համահայկական դեմքը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «համահայկական» լինելն այլևս չի արտացոլում այն իրականությունը, որում կառույցը վայելում էր համայն հայության անվերապահ վստահությունը:

Հետպատերազմյան տարիներին հիմնադրամին Սփյուռքի կողմից տրամադրվող գումարները և մասնակցությունը կտրուկ նվազել են, ինչն էլ կասկածի տակ է դնում կառույցի համազգային նշանակությունը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ 2021-2024 թվականների ընթացքում ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը կտրուկ նվազել է՝ 21 267 634 834 դրամից հասնելով 2 038 721 108 դրամի: Այս վիճակագրական տվյալները հիմք են հանդիսացել հանրային և քաղաքական տարբեր շրջանակներում ծավալվող ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների համար։

Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի համաձայն՝ հիմնադրամի կողմից օգտագործված տարեկան միջոցների դինամիկան ունի հետևյալ պատկերը. 2021 թվական՝ 21.3 մլրդ դրամ, 2022 թվական՝ 18 մլրդ դրամ, 2023 թվական՝ 4.9 մլրդ դրամ, 2024 թվական՝ 2 մլրդ դրամ (կամ ավելի քան 10 անգամ քիչ 2021 թվականի համեմատ)։


Այս միտումների և ծրագրերի ծավալների կրճատման վերաբերյալ հանրային դաշտում շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ։ Մի կողմից առկա է տեսակետ, որ ֆինանսական միջոցների շեշտակի անկումը պայմանավորված է Արցախյան պատերազմից հետո սփյուռքի կողմից գործող իշխանությունների բացարձակ մերժմամբ:

Որպես մեկ այլ հնարավոր պատճառ նշվում է 44-օրյա պատերազմի նպատակով հանգանակված վիթխարի միջոցների (ավելի քան 170 միլիոն ԱՄՆ դոլար) շուրջ ֆինանսական պարզաբանումների անհրաժեշտությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2022 թվականին հրաժարվել էր ընդգրկվել հոգաբարձուների խորհրդի կազմում՝ պատճառաբանելով հիմնադրամի «ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորուստը»։

Նա նախկինում հայտնել էր, որ այդպես էլ չի հաջողվել հստակ բացատրություն ստանալ 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքագրված վիթխարի հանգանակությունների նպատակային ծախսման վերաբերյալ, քանի որ միջոցները ներառվել էին պետբյուջեի ընդհանուր «կաթսայում»։

Մյուս կողմից, ՀՀ կառավարությունը և հիմնադրամի տնօրինությունը՝ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ, բազմիցս պարզաբանել են, որ պատերազմական արտակարգ դրության պայմաններում միջոցների փոխանցումը պետբյուջե եղել է իրավականորեն հիմնավորված և նպատակ է ունեցել առավել արագ ու արդյունավետ կերպով հասցեագրել առաջնագծի թիկունքային, սոցիալական և առողջապահական հրատապ կարիքները։

Ըստ պաշտոնական կողմի՝ բոլոր ծախսերն իրականացվել են բացառապես պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ և հիմնավորված են համապատասխան հաշվետվություններով, իսկ հետպատերազմյան տարիներին ֆինանսական ծավալների փոփոխությունը պայմանավորված է ճգնաժամային իրավիճակից դեպի բնականոն հուն անցմամբ և ընթացիկ ծրագրային առաջնահերթությունների վերանայմամբ։

Դեռևս 2023 թվականին Հայկակ Արշամյանը ՀԸ-ի ուղիղ եթերում դժգոհել էր, որ պատերազմից հետո սկսվել էր կազմակերպված արշավ հիմնադրամի դեմ։

Հիշեցնենք՝ մոտավորապես մեկ տարի առաջ Հայկակ Արշամյանն ազատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և նշանակվեց Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչ վերաբերում է պատերազմի օրերին հավաքագրված և անհետացած միլիոնավոր դոլարներին, Արշամյանը, գուցե մի օր իր հուշերում կպատմի դրանց բաժին հասած ճակատագրի մասին:

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի