copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 13:00 14-06-2026

Հունիսի 14-ին հիշենք ժողովրդի ազատության համար պայքարի նահատակներին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հունիսի 14-ին քաղաքացիներն ավանդաբար այցելում են Բռնադատվածների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին։ Նրանց շարքում են Չարենցը, Բակունցը, հարյուրավոր մտավորականներ, հազարավոր սպաներ, հարյուր հազարավոր սովորական մարդիկ, որոնք հալածվել են, սպանվել սովետական բանտերում, աքսորի ճանապարհին։ Հունիսի 14-ը նման է Ապրիլի 24-ին, սակայն հանրային մոտեցումները հիշատակի այս օրերի վերաբերյալ տարբեր են։

Սովետա-գերմանական պատերազմին հայ ժողովրդի տված 300 հազար զոհերի մի մասը կարծում էր, որ կռվից հետո հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքները մասամբ կվերականգնվեն։ Նրանք զոհվեցին խաբված։ Ոչինչ չենք ստացել։ Ոչ մի իրավունք, ոչ մի հատուցում, ոչ մի թիզ հող։ Դա քիչ էր, 1949-ի հունիսի 14-ի գիշերը 13 հազար հայերի գնացքներով աքսորեցին Սիբիր։ Դա կատարվեց Ստալինի՝ «Դավաճան ժողովուրդների մասին» հրամանով։

Երիտթուրքերը հայերին համարում էին դավաճան ժողովուրդ, բռնի գաղթեցնում ու ցեղասպանում։ Երիտթուրքերի իրավահաջորդից՝ ներկայիս Թուրքիայից, ճանաչում ու հատուցում ենք պահանջում։ Նույնպես հիշում ու հարգում ենք 1949-ին 13 հազար բռնագաղթվածների, 1937-ին հանիրավի սպանված հարյուրավոր հայ մտավորականների, 1921-ին կացնահարված, գնդակահարված, աքսորված հազարավոր հայ սպաների հիշատակը։ Նմանապես՝ արդարացի իրավունք ունենք սովետի իրավահաջորդից պահանջելու ճանաչում ու հատուցում։

Ստալինն ու Հիտլերը մարդկության դեմ իրենց հանցագործությունները ծամում էին նախընթաց տարիներին։ Սովետը 1937-ին հայ մտավորականներին սպանել է առանց հիմնավոր մեղադրանքի, կասկածելով, թե կարող են գործել սովետա-նացիստական հակամարդկային ծրագրերի դեմ։ 1949-ին արդեն սկսվել էր Սառը պատերազմը, և սովետական զավթիչները զանգվածային բռնաճնշումներ կիրառեցին, քանի որ վախենում էին, որ ազգային գիտակցություն ունեցող ժողովուրդները կարող են ազատության համար պայքարի դրոշ բարձրացնել։

Երիտթուրքերը հայ մտավորականներին սպանել են նույնպես առանց հիմնավոր մեղադրանքի։ 1915-ին և հաջորդած տարիներին հայ մտավորականների սպանությունները, ժողովրդի տեղահանություններն ու զանգվածային սպանությունները տասնամյակներ անց որակվել են Ցեղասպանություն։ Ազգային օրացույցում սևով նշված Ապրիլի 24-ին խոնարհվում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ, դատապարտում մարդկության դեմ կատարված հանցագործությունը։

1921-ից Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, միմյանց վերաբերվում են եղբայրաբար՝ Մարտի 16-ի պայմանագրի ոգով։ 1915-1923-ին հայ ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունը որակվում է Ցեղասպանություն։ Նույնպես խորհրդային բռնազավթման տարիներին խորհրդային իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը մարդկության դեմ հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ և դատապարտվում է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ 2015-ին Երևան այցելած Հռոմի Պապի։

Եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների և պատմաբանների կողմից 2008 թ. ստորագրվել է Պրահյան հռչակագիր եվրոպական խղճի և կոմունիզմի մասին։ Հռչակագրի նպատակն է կոմունիստական ոճիրների դատապարտումը և այն ներառելը կրթական ծրագրերում։ Երևանում Բռնադատվածների հուշահամալիրը բացվեց Պրահյան հռչակագրի ընդունումից մի քանի ամիս անց՝ 2008-ի դեկտեմբերի 3-ին։ Իսկ Հունիսի 14-ն Ազգային օրացույցում հաստատելով՝ ՀՀ-ն ցույց տվեց աշխարհին, որ գիտակցություն ունեցող ազգ է։

Հունիսի 14-ը նշվում է նաև մեր երբեմնի բախտակից երկրներում։ 1941 թվականի հունիսի 14-ին, բռնազավթված Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից արտաքսվել է 55.300 մարդ։ Մեծ մասը զոհվել են ճանապարհներին։ Այսօր բալթյան երկրների պատմաբանները 1940-ականների այս բռնագաղթն ու հալածանքները որակում են ցեղասպանության ակտ։

Խորհրդային բռնազավթման տարիներին՝ 1921-ին հայ սպաների կացնահարումը, գնդակահարումն ու աքսորը, 1937-ին հայ մտավորականների սպանդը, հալածանքները, 1949-ին 13 հազարի հանիրավի բռնագաղթը, Հայաստանի անկախության համար պայքարող ԱՄԿ անդամների հետապնդումները մեկ ընդհանուր հանցագործություն է հայ ժողովրդի դեմ։ Այն մարդկության դեմ հանցագործություն է և վաղեմության ժամկետ չունի։ Այդ հաշվի առնելով, Ազգային օրացույցում սևով նշված Բռնադատվածների հիշատակի օրը՝ Հունիսի 14-ին՝ հարգանքի տուրք ենք մատուցում խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին, դատապարտում մարդկության դեմ կատարված հանցագործությունը։

Հարկ է նկատել, որ թե՛ 1915-ին, թե՛ խորհրդային բռնազավթման շրջանում սպանվել են առաջին հերթին սրբություն ունեցող, ողջամիտ մարդիկ, որոնք ենթադրաբար՝ կարող էին ժողովրդին առաջնորդել ազատության համար պայքարում։ Այս առումով՝ զոհերին կարելի որակել ազատության համար պայքարի նահատակներ։

Ցավոք, Հունիսի 14-ի վերաբերյալ քաղաքական համայնքի դիրքորոշումը միանշանակ չէ, ինչպես Ապրիլի 24-ի հարցում։ Քաղաքական գիտակցություն ունեցողները Հունիսի 14-ին ավանադաբար այցելում են հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում։ Եթե հունիսի 7-ին քվե ստացածները մի քիչ էլ վաղվա մասին են մտածում, ապա այսօր կդատապարտեն խորհրդային հանցագործությունները հայ ժողովրդի դեմ, հիշատակի խոսք կասեն հայ ժողովրդի ազատության համար նահատակված, բռնադատված ազգակիցների հիշատակին։




Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ