Օրերս հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային «Liferoom» հաղորդման հյուրն էր աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Անդրծովյան բացառիկ ու անկեղծ զրույցի ընթացքում նա խոսել է ոչ միայն իր կարիերայի ու գործունեության, այլև կյանքի ամենացավոտ էջի՝ առաջին կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահից հետո ապրած ծանրագույն շրջանի մասին։
Այն հարցին, թե ինչպես է կարողացել ուժ գտնել և հաղթահարել այդ դժվարին փուլը, Լևոն Արոնյանը տվել է փիլիսոփայական ու խորը պատասխան. «Եթե հավատում ես Աստծուն, ուզում ես լավ մարդ մնալ, ապա հասկանում ես, որ կյանքում տարբեր բաներ կարող են լինել՝ փոփոխություններ, ողբերգություններ, երկրի ներքին ողբերգություններ։ Բայց ամեն ինչ քո ձեռքում չէ։ Եթե ազնիվ ես, եթե մաքուր մարդ ես, եթե փորձում ես օգտակար լինել երկրիդ, ընտանիքիդ ու շրջապատիդ, այդ ժամանակ դժվարություններով անցնում ես, բայց վերջիվերջո մի օր դուրս ես գալիս այդ ամենից»։
Հաղորդման ընթացքում հնչել է նաև ամենաանձնական հարցերից մեկը՝ արդյո՞ք Արիանայի կորստից հետո երբևէ ունեցել է զգացում, որ հոգեպես այլևս չի կարողանա վերականգնվել։
Շախմատիստի պատասխանը եղել է կարճ, բայց տպավորիչ. «Երբեք։ Դու պայքարում ես և դուրս ես գալիս։ Եթե մնաս այդ ամենի մեջ, ոնց որ աշխարհին վատություն անես։ Մարդը չպիտի իրեն նայի որպես զոհ։ Եթե դու ուժեղ մարդ ես, չպիտի այդպես ապրես»։
Լևոն Արոնյանի այս անկեղծ խոսքերը մեծ արձագանք են գտել համացանցում՝ հուզելով ու միաժամանակ մոտիվացնելով բազմաթիվ մարդկանց։