«Սկսեցին ինձ ուղղված սեռական բնույթի և ընտանիքիս հասցեին հայհոյանքներ հնչեցնել, հետո ձեռքերով, բռունցքներով ու ոտքերով հարվածել։ Կարծում եմ՝ սա նախապես ծրագրված սադրանք էր։ Փորձ է արվել ոչ միայն ներքաշել ինձ կռվի մեջ, այլև առևանգել և տեղափոխել այլ վայր։ Եթե հարևանները չհավաքվեին, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով իր տան մոտ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրի Հոխիկյանն ահազանգել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել էին իր տան վրա։ Հոխիկյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին, երբ իրեն զանգահարել են անծանոթ համարից և ներկայացել որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ։
«Կիրակի օրը զանգահարեցին ընդհանուր հեռախոսահամարից։ Ներկայացավ ոմն Գևորգ, ասաց, որ ՔՊ-ից է և ցանկանում է հանդիպել, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ։ Ասացի՝ լավ, հանդիպենք։ Ասաց՝ մենք արդեն ձեր տան մոտ ենք։ Դուրս եկա, և անմիջապես սկսեցին մեղադրել, թե իմ գործունեությամբ իրենց վնաս եմ հասցնում, իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ եմ անում»,- պատմեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ պահանջել է ներկայացնել որևէ կոնկրետ օրինակ, որը կհաստատի այդ մեղադրանքները, սակայն նման փաստ չի ներկայացվել։
«Իմ հրապարակումներից մեկն էին բերել։ Այնտեղ նշված էր, որ ինձ հասած տեղեկություններով՝ ինչ-որ անձ ապօրինի տեղադրված ՔՊ-ի պաստառը պոկել և այլ տեղ է փակցրել։ Այսինքն՝ խոսքը վերաբերում էր օրենքով արգելված վայրում տեղադրված պաստառին։ Հարցրի՝ այստեղ ո՞ր հատվածն է վիրավորանքը, ի՞նչ վիրավորական արտահայտություն կա այստեղ։ Որևէ պատասխան չունեին»,- նշում է նա։
Նրա փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցները հղում են արել մի անձի անվան, որը, ըստ նրանց, վիրավորվել էր հրապարակումից։
«Ասում էին՝ Լուսինեն կամ Լուսոն է նեղացել։ Հարցրեցի՝ իսկ ո՞վ է այդ Լուսինեն։ Եթե վիրավորվել է, թող անձամբ գա և ասի, թե ինչից է վիրավորվել։ Նայեցին իրար, բայց որևէ հստակ պատասխան չկար։ Այդ պահին արդեն խոսակցությունն անցավ բոլորովին այլ դաշտ»,- նշեց նա։
Հոխիկյանի խոսքով՝ դրանից հետո սկսվել են հայհոյանքներ՝ նախ ընդդիմադիր գործիչների հասցեին․
«Սկսեցին հայհոյել ընդդիմության առաջնորդներին։ Ես ասացի, որ իմ տան մոտ որևէ մեկի հասցեին հայհոյանքներ չեն հնչեցվելու։ Եթե այդքան համարձակ են, թող գնան ու նույն բառապաշարով խոսեն այն մարդկանց հետ, որոնց մասին խոսում են՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի կամ նրանց ներկայացուցիչների հետ։ Ասացի՝ իմ տան մոտ նման բան թույլ չեմ տալու»։
Ըստ Հոխիկյանի՝ դրանից հետո հայհոյանքներն արդեն ուղղվել են անձամբ իրեն և իր ընտանիքին։ «Սկսեցին ինձ ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, վիրավորել ընտանիքիս անդամներին։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ սրվեց։ Սկսեցին ձեռքերով, բռունցքներով ու ոտքերով հարվածել։ Ես սա համարում եմ նախապես պլանավորված սադրանք»,- ասաց նա։
Հոխիկյանի համոզմամբ՝ նպատակը միայն ֆիզիկական բախում հրահրելը չէր։ «Իմ գնահատմամբ՝ փորձ է եղել ոչ միայն կռվի մեջ ներքաշելու, այլև ինձ տեղափոխելու այլ վայր։ Երբ տեսան, որ ես թույլ չեմ տալիս ներս մտնել տան տարածք, փորձեցին իրավիճակը տեղափոխել այլ ուղղությամբ։ Սակայն այդ պահին արդեն հարևանները նկատել էին, որ խնդիր կա, և սկսել էին հավաքվել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ հարևանների միջամտությունը կանխել է հետագա զարգացումները․ «Մոտ 10-15 մարդ հավաքվեց։ Երբ հասկացան, որ իրավիճակը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից, նստեցին մեքենան և հեռացան։ Եթե մարդիկ չհավաքվեին, չեմ բացառում, որ ամեն ինչ շատ ավելի վատ ավարտ ունենար»,- ասաց նա։
Նաիրի Հոխիկյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցվել․ «Քրեական գործ կա։ Բազմաթիվ վկաներ կան, որոնք տեսել են ամբողջ դեպքը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում ներկայանալ քննչական մարմին և ցուցմունք տալ»։
Նրա խոսքով՝ ինքը նույնպես վնասվածքներ է ստացել։ «Գլխիս և ձեռքերիս հարվածներ են հասցրել։ Իհարկե, ես էլ ինքնապաշտպանվել եմ։ Բայց հետաքրքիրն այն է, որ դրանից անմիջապես հետո հենց իրենք են գնացել ոստիկանություն և հաղորդում ներկայացրել, թե իբր ես եմ իրենց նկատմամբ զենք կիրառել»,- նշեց Հոխիկյանը։
Հարցին, թե ճանաչո՞ւմ էր այդ մարդկանց, նա պատասխանեց, որ նրանցից մեկի մասին միայն լսել էր։ «Մեկին անունով ճանաչում էի, քանի որ նույն բնակավայրում՝ Նորակերտում է ապրում։ Բայց որևէ շփում, հարաբերություն կամ նախկին խնդիր երբևէ չենք ունեցել։ Մյուսներին ընդհանրապես առաջին անգամ էի տեսնում»,- ասաց նա։ Անդրադառնալով հնարավոր շարժառիթներին՝ Հոխիկյանը հիշեցրեց, որ դեպքից մեկ օր առաջ կազմակերպվել էր Սումգայիթի, Բաքվի, Նախիջևանի և Գանձակի հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ համաժողով։
«Մայիսի 30-ին կազմակերպել էինք բավականին խոշոր կոնֆերանս, որը վերաբերում էր Սումգայիթի, Բաքվի, Նախիջևանի և Գանձակի հայերի վերադարձի իրավունքին։ Կոնֆերանսի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի քարտուղարությանը։ Ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նման հարց գոյություն չունի և ինքը երաշխավորում է, որ նման օրակարգ չի լինելու։ Բայց դրանից հետո տեղի ունեցավ նման մեծ միջոցառում։ Չեմ բացառում, որ սա կարող էր որոշ մարդկանց մոտ դժգոհություն առաջացնել»,- ասաց նա։
Հոխիկյանը նաև ուշագրավ հանգամանք է նկատել դեպքից հետո։
«Իմ տան արտաքին պատին տեղադրված տեսախցիկներ կան։ Դեպքից հետո պարզվեց, որ տեսախցիկներից մեկի մալուխը կտրված է եղել։ Սա առնվազն տարօրինակ հանգամանք է, որը ևս պետք է քննության առարկա դառնա»,- եզրափակեց նա։